Արտակ Հանեսյան. Ամերիաբանկը մի շարք ցուցանիշներով առաջինն է Հայաստանի բանկային համակարգում
«Ամերիաբանկ»-ը միջնաժամկետ ռազմավարության ներքո մի քանի թիրախային նպատակներ ունի. Հայաստանի բանկային շուկայում առաջատար դիրքերի պահպանում՝ հիմնական ֆինանսական ցուցանիշներով, հաճախորդների բարձրորակ սպասարկումն ու դրա մշտապես բարելավվում, պորտֆելների դիվերսիֆիկացում։ Այս նպատակները լրագրողների հետ ընթացող հանդիպմանը ներկայացրեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
«Դրանց հասնելու համար մենք որդեգրել ենք թվային տրանսֆորմացիայի գաղափարը։ Շուրջ երկու տարի աշխատում ենք տարբեր թվային լուծումների ուղղությամբ, որոնք ի վերջո նպաստելու են հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, տալու են հարմարավետ ու պարզ լուծումներ»,- ասաց բանկի գլխավոր տնօրենը։
Մինչ թվային լուծումների մասին մանրամասն խոսելը, Արտակ Հանեսյանը հրապարակեց բանկի ֆինանսական ցուցանիշները. «Ինն ամսվա կտրվածքով մենք առաջատարն ենք գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով, այդ թվում ակտիվների մեծությամբ, որը երրորդ եռամսյակի ավարտին կազմել է 1 տրիլիոն 90 մլրդ դրամ»։
Բանկի գլխավոր տնօրենը հիշեցրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգում Ամերիաբանկն էր առաջինը, որ գերազանցեց 1 տրիլիոն դոլարը։
Երրորդ եռամսյակի տվյալներով բանկն ունի 660 մլրդ դրամի վարկային ներդրումներ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմում են մոտ 672 մլրդ դրամ, կապիտալը՝ 125 մլրդ դրամ, զուտ շահույթը՝ 14.5 մլրդ դրամ։
«Այս ցուցանիշներով մենք առաջինն ենք բանկային համակարգում։ Բայցի այդ, մեր կապիտալի եկամտաբերությունը՝ ROE-ն, կազմել է 16.6 տոկոս, որով մենք զբաղեցնում ենք երկրորդ հորիզոնականը բանկային համակարգում։ Այս տարի բավականին ակտիվ ենք եղել կապիտալի նոր տարրեր գրավելու ուղղությամբ և մեզ հաջողվել է ներգրավվել շուրջ 18 մլն դոլարին համարժեք ստորադաս փոխառություն մեր միջազգային գործընկեր կազմակերպություններից մեկից, որն իհարկե մեծ հնարավորություն է տվել մեր հետագա աճն ապահովելու համար»,- ասաց նա։
Հանեսյանի խոսքով, Ամերիաբանկը բավականին ակտիվ է եղել կառավարության կողմից սուբսիդավորվող վարկերի տրամադրման հարցում։
«Երկու ծրագրով տրամադրել ենք 600 վարկ՝ 40 մլրդ դրամ պորտֆելով»,- ասաց Հանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով
- Ամերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ
- Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակին
- Ամերիաբանկ՝ նորաբաց «Հրազդան» մասնաճյուղ նոր հաճախորդների համար հատուկ առաջարկներով
- «Ամերիա Սերունդ 13». փոփոխությունը դառնալու ձեր հնարավորությունը