«Ես ձեր կողքին եմ»...Նարեկ Սարկավագ Պետրոսյանի զոհվելուց մեկ տարի անց
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, հանդիսապետությամբ ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդ հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի, կատարվել է Նարեկ Սարկավագ Պետրոսյանի զոհվելու առաջին տարելիցին նվիրված հոգեհանգստյան կարգ:
Նարեկ սարկավագը ծնվել էր Ստեփանակերտում՝ 1988 թվականին, իր կյանքը զոհեց հենց իր հայրենի հողի՝ Արցախի ու Արցախի ժողովրդի համար. հոկտեմբերի 29-ին նա շտապում էր առաջնագիծ՝ Մարտունու պաշտպանական դիրքերից մեկը՝ զինվորներին օգնություն հասցնելու, երբ ԱԹՍ-ն թիրախավորեց նրա մեքենան։
«Հերթական օգնությունը Մարտունու դիրքեր տեղափոխելիս էլ ԱԹՍ-ն թիրախավորեց նրա մեքենան… Լուսադեմին՝ 3-ի 4-ի կողմերն էր, անհամբեր էր, կարող էին մինչև առավոտ սպասել, բայց ցանկացել էր րոպե առաջ տղաներին հասնել: Շտապում էր, միշտ շտապում էր, ասես զգում էր, որ իր երկրային ուղին երկար չէ…»,- գրված է hayzinvor.am կայքում։
Նարեկ սարկավագ Պետրոսյանը մասնակցել էր նաև Ապրիլյան քառօրյային: Այդ օրերին Մարտակերտի ու Թալիշի մարտական հենակետերում քաջալերում էր զինվորականներին:
ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը՝ Նարեկ սարկավագի ընկերը ոչ միայն կյանքում, այլև մարտի դաշտում, hayzinvor.am-ի հետ զրույցում ասել է. «Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայում էի Մատաղիսում, իսկ նա՝ պաշտպանության նախարարությունում: Պատերազմի առաջին իսկ օրվանից եկավ Արցախ: Ասաց՝ քո կողքին պետք է լինեմ: Պատճառաբանությունն էր. «Ես չեմ կարող իմ ընկերոջը մարտի դաշտում մենակ թողնել»: Միասին տարբեր դիրքերով տարբեր ուղղություններով շրջում էինք, ծառայություն մատուցում:
…Ես այս ընթացքում ծառայություն էի իրականացնում ՊԲ-ում՝ որպես ավագ գնդերեց: Եվ Նարեկ սարկավագը նորից նույն պատճառաբանությամբ՝ «Ձեզ հո մենակ չե՞մ թողնելու ռազմի դաշտում»: Էլի առաջին իսկ օրվանից շտապեց Արցախ: Միշտ ասում էր Ավետարանական խոսքը. երբ գայլը գալիս, հարձակվում է հոտի վրա, խիզախ հովիվն իր հոտի կողքին է լինում: Իրեն համարում էր զինվորների հովիվ:
Առաջին օրվանից շրջում էինք զորամասերով, դիրքերով: Ժամերով նստում զրուցում էր զինվորների հետ. պատմում էին իրենց դժվարությունները, հետո ինքն էր խոսում, իր հանդարտ ձայնով նրանց էր փոխանցում կարևոր գաղափարներ: Անընդհատ պայքարի կոչ էր անում, որպեսզի ցեղասպանություն այլևս չլինի: Ու միշտ ասում էր. «Ես ձեր կողքին եմ»»։
Նարեկ սարկավագը 2004 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ]։ Գևորգյան Հոգևոր ճեմարանը ավարտելուց հետո աշխատել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, ծառայել բանակում, ապա նշանակվել Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության քարտուղար։ ՀՀ Նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագը հետմահու պարգևատրվել են պետական պարգևով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ
- Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
- Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը
- Հայ զինվորը գնալով ավելի ու ավելի մարտունակ է դառնում. Նարեկ սարկավագ Պետրոսյան
- Զինվորների վերաբերմունքից զգում ենք, որ հոգևորականը սպասված հյուր է. Նարեկ սարկավագ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան