Չավուշօղլու․ԱՄՆ-ը պետք է մատակարարի Անկարային վճարած F-35 ինքնաթիռները, կամ վերադարձնի գումարը
ԱՄՆ-ն կա՛մ պետք է մատակարարի F-35 կործանիչները, որոնց համար վճարել է Թուրքիան, կա՛մ վերադարձնի գումարը, կա՛մ փոխարենը մեկ այլ ապրանք տա։ Այս մասին, Անադոլու գործակալության հաղորդմամբ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Եթե ԱՄՆ-ը չի ցանկանում լուծել F35-երի հետ կապված հարցը, կամ եթե ԱՄՆ Կոնգրեսը արգելափակի դա, Թուրքիան կքննարկի այլ տարբերակներ, այդ թվում՝ գնելու (ռուսական արտադրության) ՍՈՒ-35 կամ ՍՈՒ-57»,- CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն հայտնել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են շարունակել բանակցությունները F-35-երի խնդիրը լուծելու համար։
Հայտարարության համաձայն՝ Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները մայրաքաղաք Անկարայում հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են նաև ֆինանսական հարցեր։
2019 թվականին Վաշինգտոնը հայտարարեց, որ Թուրքիային դուրս է բերում F-35 ծրագրից՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով: