«Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվում է լրացում կատարել
«Քննարկում ենք պետական սահմանի մասին հարցը։ Ինքին մշակված օրենքի նախագիծը որպես այդպիսին խնդիր չի առաջացնում, այլ հարց է, որ այն փոփոխությունները, առարկան, որին վերաբերում է, այսինքն պետական սահմանը, բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչ լուրջ խնդիրների առջև է կանգնած»,- ԱԺ-ում «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ բոլորի խնդիրը պետք է լինի և դրա նկատմամբ միջոցներն էլ պետք է լինեն իսկապես համապետական, համազգային և պետական շահից բխող։
Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն է։
Օրենքի նախագծի համաձայն՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության շրջանակներում հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:
«Կատարվող լրացման ընդունում արդյունքում նախատեսվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը»,- ասաց Ա. Սարգսյանը։
Նախագծի համաձայն՝ ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 29-րդ հոդվածում սահմանված են պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ապահովման գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, ներառյալ՝ ՀՀ անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որեւէ գործողություն կատարելիս օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջքի պարտադրումը, իսկ այդ գործողությունների շարունակման դեպքում՝ օդանավի կամ թռչող այլ սարքի ոչնչացման իրավունքը:
Բացի այդ, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված եւ 2017 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի եւ համաձայնագրով հաստատված կանոնակարգի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ խաղաղ ժամանակ Կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման մասին, ընդ որում, զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:
Քանի որ օրենքը սահմանել է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, սակայն հստակեցված չէ դրանց շրջանակներում հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն զինված ուժերի գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո, անհրաժեշտություն է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան