ԱՀԿ-ն կոչ է անում չփակել դպրոցները՝ որպես COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոց
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը կոչ է անում ամբողջ մայրցամաքի իշխանություններին չփակել դպրոցները՝ COVID-19-ի տարածման դեմ կանխարգելիչ և սահմանափակող միջոցներ ձեռնարկելիս։ Չորս շաբաթ անընդմեջ Եվրոպան՝ ԱՀԿ միակ տարածաշրջանը, նկատում է կորոնավիրուսային վարակի փոխանցման աճ (աշխարհում բոլոր նոր դեպքերի 57%-ը հոկտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում), ասվում է այսօր գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Tass-ը։
Անցյալ շաբաթ, ձմռան մոտենալով, Եվրոպական տարածաշրջանի կեսից ավելի երկրներում արձանագրվել է COVID-19 վարակի մակարդակի նկատելի աճ բոլոր տարիքային խմբերում: Այս ֆոնին 45 երկրներ և տարածքներ խորհուրդ են տալիս դպրոցները բաց պահել, մինչդեռ 7 երկիր նախընտրել է դպրոցների լրիվ կամ մասնակի փակումը, իսկ երկու երկիր խորհուրդ է տալիս հեռավար ուսուցումը:
ԱՀԿ-ն կարծում է, որ երեխաների կրթության ընդմիջումը պետք է լինի վերջին միջոցը:
«Անցյալ տարի դպրոցների համատարած փակումը, որը խաթարեց միլիոնավոր երեխաների և դեռահասների կրթությունը, ավելի շատ վնաս հասցրեց, քան օգուտ, հատկապես երեխաների մտավոր և սոցիալական բարեկեցությանը: Մենք չենք կարող կրկնել նույն սխալները», - մեկնաբանել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն:
Դպրոցները փակելու փոխարեն ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս միջոցառումների լայն շրջանակ, ներառյալ ֆիզիկական հեռավորությունը, ձեռքերի հաճախակի լվացումը, դիմակներ կրելը, դասարանի օդափոխությունը և թեստավորման հասանելիության ավելացումը, հատկապես բարձր տարածվածության պայմաններում:
«Առաջիկա ամիսներին COVID-19-ի ազդեցությունը նվազեցնելու համար կենսական նշանակություն ունի, որ և՛ կառավարությունների, և՛ հասարակության որոշումները հիմնված լինեն տվյալների և ապացույցների վրա՝ հասկանալով, որ համաճարակը կարող է փոխվել, և որ մեր վարքագիծը պետք է փոխվի դրա հետ մեկտեղ: Գիտություն պետք է գերակշռի քաղաքականությանը, երեխաների երկարաժամկետ շահերը պետք է մնան առաջնահերթություն, հատկապես հիմա, երբ մի շարք երկրներում վարակի տարածումն աճում է: Մենք այս խնդրի լուծման համար ավելի լավ գործիքներ ունենք, քան դպրոցները փակելը», - ավելացրեցլ է Կլյուգեն: