Բայդենը տիկնոջ հետ ժամանել է Հռոմ՝ մասնակցելու G20 գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը ուրբաթ գիշեր վայրէջք է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում։ Իտալիայում Բայդենը մասնակցելու G20 երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նախագահը Հռոմ է ժամանել առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ։
Եվրոպայում Բայդենի առաջին կանգառը կլինի Վատիկանը։ Այսօր Հռոմի Ֆրանցիսկոս պապը կընդունի ամերիկացի առաջնորդին։
Հռոմում Բայդենի առանցքային հանդիպումներից մեկը կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որոնք նույնպես տեղի կունենան այսօր։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։
Շաբաթ և կիրակի Բայդենը կմասնակցի G20-ի միջոցառումներին և նստաշրջաններին՝ նվիրված տնտեսությանը և այլ կարևոր միջազգային խնդիրներին։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Գլազգո՝ մասնակցելու կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի բարձր մակարդակի համաժողովին: