ԵԽԽՎ համազեկուցողները մոնիտորինգային այց կկատարեն Հայաստան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) փաստահավաք այց կկատարեն Հայաստան 2021 թվականի նոյեմբերի 3-ից 5-ը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ից։
Քննարկումները հիմնականում կկենտրոնանան ընտրական բարեփոխումների, սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերությունների, դատական համակարգի անկախության, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա դրա հետևանքների վրա։
Երևանում Կիլյունենը և Աբերգը հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության և Ազգային ժողովի քաղաքական խմբերի ղեկավարների հետ։
Համազեկուցողները նաև կհանդիպեն դատական իշխանությունների, անկախ վարչական հաստատությունների, դիվանագիտական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: