Տիգրան Աբրահամյան. Սանասարի ու Կովսականի Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ
«Սանասարի ու Կովսականի Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա մանրամասնեց, որ փաստաթղթում հստակ նշված է, զորքերը պետք է մնան իրենց զբաղեցրած տեղերում, փաստաթղթով հանձնման ենթակա են եղել Ակնայի, Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները։
«Եթե հիմքը վերցրել է Խորհրդային ժամանակահատվածում վարչատարածքային բաժանումը, ապա այդ շրջանում Քաշաթաղի կազմում եղել է երեք տարբեր շրջան՝ Լաչինի, Կուբաթուլուի, Զանգելանի։ Անգամ եթե այս տրամաբանության մեջ ենք դիտարկում, ապա ակնհայտորեն այս երկու շրջանների այն հատվածները, որոնք գտնվել են մեր տիրապետության ներքո, որևէ ձևով չեն տեղավորվում նոյեմբերի 9-ի տրամաբանության մեջ, և դրանք որևէ պայմաններում հանձնման ենթակա չեն եղել»,-ընդգծեց նա։
Աբրահամյանն ուշադրությւոն հրավիրեց այն փաստին, որ այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելիս նույնիսկ չեն բանակցվել Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված մանրամասները։
«Որևէ մեկը հաշվի չի առել, թե այդ տարածքների հանձման հետևանքով ինչ խնդիրներ կարող են առաջանել։ Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ եթե դրանք չհանձնվեին, ապա պատերազմ կլիներ, ապա նույն տրամաբանությամբ Ադրբեջանը կարող է ասել, եկեք հանձնեք Վարդենիսը, Գորիսը, Կապանը Մեղրին։ Հիմա Հայաստանի այդ պահին գործող իշխանությունը պե՞տք է առաջնորդվի այդ սկզբունքով ու հանձնի՞ այդ շրջանները՝ մեզ ներկայացնելով այն պատճառը, որ հակառակ դեպքում կլիներ պատերազմ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ըննդիմադիր գործիչն ընդգծեց, եթե առաջնորդվենք այս սկզբունքով, ապա հաջողության հասնելու որևէ հնարավարություն չի լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան