«Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում թշնամու դեմ հայ զինվորների կողքին հավասար կռվել են ազգությամբ եզդի ժամկետային զինծառայողները: Իսկ Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի անվան եզդիական կամավորական ջոկատը պատերազմի ողջ ընթացքում հերթափոխով մեկնել է Արցախ՝ պաշտպանելու մեր ընդհանուր հայրենիքի սահմանները:
Panorama.am-ի հետ զրույցում եզդի համայնքի ներկայացուցիչ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս, գրող Թերեզա Ամրյանը բնական համարեց եզդիների մասնակցությունը Արցախի համար մղվող պայքարին:
«Բնական է, որովհետև ցավում են այս երկրի համար: Մասնակիցների մի մասը ժամկետային զինծառայողներ էին, մի մասը կամավորներ: Բնական եմ համարում նաև հենց կամավորների մասնակցությունը, քանի որ եթե բոլորիս հայրենիքն է, բոլորն են ցավում հայրենիքի կորստի համար»,- ասաց Թերեզա Ամրյանը:
Պ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն երկու հիմնավորում բերեց, թե ինչով է բացատրվում ազգությամբ եզդիների ակտիվ մասնակցությունը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող իրադարձություններին.
«Առաջինը, մեր եզդի եղբայրների նվիրվածությունը համամարդկային արժեքներին, այսինքն պատերազմը, ցեղասպանությունը, մշակութային վանդալիզմը չարիքներ են, ժողովրդի ինքնորոշման դեմ պայքարելը չարիք է և եզդի ժողովուրդը դրսևորել է իր հակակրանքն այդ չարիքների նկատմամբ ոչ միայն խոսքով, նաև ռազմի դաշտում:
Նույնիսկ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում եղել են դեպքեր, երբ եզդիները օգնել են, ապաստան են տվել հայերին, երբեմն իրենք էլ արժանացել են հայերի ճակատագրին՝ այսինքն կոտորվել:
Երկրորդ՝ եզդիները Հայաստանի լիարժեք քաղաքացիներ են բոլոր առումներով, այդ թվում հայրենքի պաշտպանության և հայրենիքի գիտակցման: Նրանց այս քայլերը ևս մեկ ապացույցն են, թե ինչքան բարձր է նրանց մոտ Հայաստանի Հանրապետությունը որպես հայրենիք ընկալելու գիտակցումը»:
Ռ.Մելքոնյանն ընդգծեց՝ նրանք մեր հայրենիքի համար պայքարել են այնպես, ինչպես Հայաստանի բոլոր իրական քաղաքացիները, ոչ միայն խոսքով են մեր եղբայրները, այլև իրենց գործով ու սխրանքով:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» ծրագրի շրջանակներում Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին երախտիքի և հարգանքի կրթամրցանակ է սահմանվել:
«Այս կրթամրցանակը մեր երախտիքի տուրքն է հերոս եզդիների հիշատակին։ Նրանք զոհվեցին, բայց նրանց սխրանքն անմահ է։ Մենք շնորհակալություն ենք հայտնում եզդի ժողովրդին, մեզ ոգեշնչել է եզդիների սխրանքը: Այս մրցանակը ծնվել է հենց այդ ոգեշնչումից»,- կրթամրցանակի հանձնման ժամանակ ասաց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:
Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի այն բակալավրին (3-րդ, 4-րդ կուրսեր)/մագիստրոսին ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։ Կրթամրցանակի հովանավորը դոկտոր Անահիտ Տեր-Ստեփանյանն է։
Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին նվիրված կրթարցանակի հավակնորդները վեցն էին: Հանձնաժողովը նրանց հետ զրույցելուց, նրանց ներկայացրած ծրագրերն ուսումնասիրելուց հետո հայտարարեց մրցանակակրին, սակայն այս դեպքում մրցանակակիրներին: Սովորաբար մեկ մրցանակակիր է լինում, սակայն ԵՊՀ Արևելագիտության Ֆակուլտետի դեպքում հանձնաժողովի անդամները միանգամից երեք մրցանանակրի ընտրեցին, քանի որ նրանց ներկայացրած ծրագրերը հավասարապես արժանի էին մրցանակին:
Անահիտ Տեր-Ստեփանյանի կողմից տրամադրված 200 հազար դրամին «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» նախագահ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հենց մրցույթի ընթացքում այդ գումարին ավելացրեց ևս 100 հազար դրամ և յուրաքանրյուր մրցանակակրի՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհիներ՝ Աննա Միրզոյան, Գայանե Ճաղարյան և Վիոլետա Գևորգյան, տրվեց 100 հազարական դրամ՝ խմբակային աշխատանք անելու համար:
Հիմնադրամը մրցանակի մյուս երեք հավակնորդներին տրամադրեց 30-հազարական դրամ:
Գուրգեն Մելիքյանը նշեց՝ շատ է հարգում եզդի ժողովրդին, քանի որ իրենց կեցությամբ, նվիրումով ապացուցել են, որ շատ բարձր են կանգնած և իրոք եղբայրական ժողովուրդ են մեզ համար:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին
- «Ուրիշ ով, եթե ոչ ես»... Էրիկ Գևորգյանը բանակ գնաց այս խոսքերը շուրթերին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- Կայացել է Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի հավակնորդների ներկայացման առաջին փուլը
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան