Սանասար-Բաղդասարը, Ալիև-Էրդողանն ու Փաշինյանը
Ղարաբաղյան պատերազմի ավարտից գրեթե մեկ տարի անց սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայկական կողմի կրած պարտությունը համարում է միտումնավոր սխալների համակցության արդյունք։
«Հաշվի առնելով, թե պատերազմից հետո ինչ հռետորաբանությամբ է հանդես գալիս իշխանությունը Արցախը մոռացության մատնելու վերաբերյալ, կարելի է ասել, այո, նրանց թիվ մեկ նպատակը մարդկանց ուղեղներից ու գիտակցությունից Արցախը ջնջելն է, ճիշտ այնպես, ինչպես անում են Շուշիի դեպքում»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից գեթ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, «չնայած ես խնդել եմ, որ շատ հստակ այդ արձանագրումն անի»։
«Մինչև այսօր չեն խոսում դեօկուպացիայի մասին։ Հետևաբար ակնհայտ է, որ այս իշխանությունները քաղաքականություն են տանում, որպեսզի Արցախը մեզանում մոռացության մատնվի։ Հենց այս համակցության մեջ պետք է ասել, որ միտումնավոր Հայաստանն ու Արցախը պարտության տանելու քաղաքականություն է տարվում»,- նշեց Գրիգորյանը։
Սյունեցի պատգամավորի պնդմամբ, Սյունիքում տարածքների հանձման հետ կապված մեկ դրվագով արդեն կարելի է արձանագրել պետական շահի դավաճանության փաստ։
«Դեկտեմբերի 18-ին, չնայած որևէ կերպ նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված չէր, Կովսականից ու Սանասարից հետ են քաշվել զորքերը, ինչպես երեկ Փաշինյանը հայտարարեց իր միանձնյա որոշման արդյունքում։ Ինքը կարո՞ղ էր նման որոշում կայացնել։ Իրավապահ համակարգը պետք է արձագանքի դրան։ Նա հայտարարում է, «արել եմ, որովհետև ունեի համոզմունք, որ Սյունիքին վտանգ է սպառնում»։ Այսինքն, հնչեցնում է ոչ թե փաստեր, այլ ասում է՝ ունի համոզմունք»,- ընդգծեց Գրիգորյանը։
Անդրադառնալով Փաշինյանի հիմնավորմանը, թե Սանասարն ու Կովսականը հանձնել է Ադրբեջանին՝ ռազմավարական նշանակության ճանապարհները փրկելու համար, Գրիգորյանն այն անհեթեթ որակեց, նշելով, որ այսօր Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն հատվածներն ադրբեջանական վերահսկողության ներքո։
«Ես ու իմ ընկերները շատ հաճախ ենք խոսում Սանասարի ու Կովսականի անհիմն, առանց իրավական հիմքի հանձնման մասին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, ծաղրական կերպով ասում է, Սանասարն ու Բաղդասարը։ Այդ նրա «Բաղդասար» ասած հատվածում Ալիևն ու Էրդողանը հանդիպում են, քննարկում լուրջ տարածաշրջանային ճանապարհային հարցեր, իսկ Փաշինյանն ուղղակի ծաղրանքով է խոսում այդ տարածքի մասին»,- նշեց նա։
Աննա Գրիգորյանը միաժամանակ ընդգծեց, որ 2020թ. հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք ու համայնքապետերին ասում, որ պետք է կազմակերպել Սյունիքի ինքնապաշտպանություն։
«Մեր գործընկերներց մեկը շատ լեգիտիմ հարց է բարձրացնում. Հոկտեմբերի 18-ին Դուք արդեն գիտեի՞ք, որ այդ բոլոր տարածքները հանձնվել են ու պետք է անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը։ Այս հարցին դեռ պատասխան չկա, թե ինչու հոկտեմբերի 18-ին մենք պետք է մտածեինք Սյունիքի ինքնապաշտպանության մասին։ Բայց իհարկե համայնքապետերը կառուցել են պինդ բնագիծ, համոզված լինելով, որ նահանջ չի լինելու, մինչև դեկտեմբերի 17-ը, երբ եղավ Նիկոլ Փաշինյանի հրամանը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Սանասարի ու Կովսականի Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ
- Էրդողանը հայտարարել է՝ օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ
- Դուք հանձնել եք Սանասարն ու Կովսականը, ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը. ընդդիմադիր պատգամավոր
- Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ
- Կովսականի շրջանում Ալիևը նոր օդանավակայանի հիմք է դրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան