Անրի Վեռնոյի որդու ցանկությունն է՝ հոր գործունեությունը ճանաչելի լինի Հայաստանում ու ամբողջ աշխարհում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 29-31-ը «Անի Գրանդ հոթելում›› (Երևան, Հանրապետության 65) անցկացնում է «Փոքր կինոնկարներ. համընդհանուր ժառանգություն, փոքր կինոթատրոնների պահպանում, հասանելիություն և տարածում գլոբալ պլատֆորմներում» միջազգային համաժողովը՝ նվիրված «Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002) ծննդյան 100-ամյակին:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ եռօրյա գիտաժողովն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:
«Գիտաժողովի նպատակն է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային և սփյուռքի կինոժառանգությանն առնչվող Հայաստանի և արտերկրի շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների։
Հոկտեմբերի 29-ին մեկնարկած եռօրյա համաժողովի բացմանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը ողջույնի խոսք է հղել գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել աջակիցներին ու կազմակերպիչներին՝ Անրի Վերնոյի հոբելյանի նշանավորման և այս կարևոր հարթակի ստեղծման կապակցությամբ:
Համաժողովի օրերին կներկայացվի ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Անրի Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, կարժևորվի նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում՝ բացահայտելով ազգային ինքնության առանձնահատկությունները:
Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, կարևորելով համաժողովի անցկացումը, նշել է. «Անրի Վերնոյի ստեղծագործական ժառանգության արժևորման, ազգային ինքնության առանձնահատկությունների բացահայտման գործում կարևոր նշանակություն ունի այս համաժողովի անցկացումը: Հայրս նկարահանել է «Մայրիկ» ֆիլմը, ինչպես նաև բազմաթիվ այլ ֆիլմեր, և կարևոր է, որ նրա գործունեությունը ճանաչելի լինի Հայաստանում ու ամբողջ աշխարհում: Այս առումով համաժողովի իրականացումը հրաշալի առիթ է»»,- ասվում է հաղորդագրությունում:
ԿԳՄՍՆ-ից նաև տեղեկացնում են, որ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Անրի Վերնոյի ֆիլմերի պաստառների ցուցադրությունը, հաջորդիվ «Կարմիր դահլիճում» կցուցադրվի Անրի Վերնոյի «Շաբաթավերջը Զյույդկոտում» ֆիլմը: Միջոցառմանը կմասնակցեն կինոոլորտի հայ և օտարերկրյա մասնագետները, հյուրեր, արվեստասեր հանրություն:
Գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով՝ որպես ամփոփում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին
- Այսօր «Մայրիկ» ֆիլմի ստեղծող Անրի Վերնոյի ծննդյան օրն է
- Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո համերգ է կայացել՝ նվիրված Անրի Վեռնոյի 100-ամյակին
- Հայփոփստը թողարկել է նոր գեղաթերթիկ՝ նվիրված Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները