Վահե Հովհաննիսյան. Բոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը
Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Մենք այս նոյեմբերի 10-ը դիմավորում ենք դարձյալ անպատրաստ՝ պետություն չունեցող ժողովրդի պես։ Չեն գործում պետական և հանրային ինստիտուտները, չկա որևէ համակարգ, որը թեկուզ կարճաժամկետ, բայց ամբողջական տեսլական կառաջարկի մոլորված ժողովրդին և պարտված պետությանը։
Մի ամբողջ տարի մենք խուսափեցինք դժվար հարցերի շուրջ բաց խոսել։ Ու, եթե մեկ տարի առաջ բունկերում միայն Նիկոլն էր թաքնված, իսկ պրոցեսները թողնված էին փողոցի ողորմածությանը, ապա այս տարի բունկերում է, մեծ հաշվով, երկրի և ժողովրդի ողջ վերնախավը, իսկ այլոց ողորմածությանը թողնված է պետությունը։
Եթե անցյալ տարի նոյեմբերի 10-ին մենք կարող էինք ասել, որ չի պարտվել ժողովուրդը, չի պարտվել պետությունը, այլ պարտվել է իշխանությունը, ապա մեկ տարվա մեր հավաքական վարքագիծն ու հունիսի 20-ի ընտրությունները թույլ են տալիս մտածել, որ այո, պարտվել է պետությունը։
Մեկ տարին բավարար ժամանակ էր՝ գոնե ձևակերպելու առավել հրատապ հարցերը։ Մենք դա չենք արել, իսկ չանելը նշանակում էր՝ ժամանակ կորցնել ու էլի պատրաստ չլինել՝ ո´չ պատերազմին, ոչ էլ՝ խաղաղությանը։
Մեկ տարում մեր շուրջը հակառակորդը ստրատեգիական ճանապարհներ, թունելներ, օդանավակայաններ է կառուցել։ Մենք այս ընթացքում ամրաշինել ենք ԱԺ ամբիոնի շրջակայքը՝ «դիվերսանտ ընդդիմադիրների» դեմ հուսալի պաշտպանական գիծ կառուցելով, և դեմքի լրջագույն արտահայտությամբ հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն ենք տապալում։
Ի՞նչ է պետք հասկանալ այս նոյեմբերի 10-ից, որո՞նք են այդ հարցերը, որ ունենալու են դժվար, գուցե՝ աննկարագրելի դժվար պատասխաններ, բայց որոնց շուրջ մենք պարտավոր ենք բաց քննարկում ծավալել։ Եթե այս անգամ էլ մենք դա չանենք, մեզ ուղղակի կհրամցվեն պատրաստի պատասխաններ, և նույնիսկ չեն առաջարկի դրանք ընկալել։
Պատմական անորոշությունների և լուծումների ողջ ներկապնակը կարելի է խմբավորել երեք հարցախմբի մեջ։
- Ճգնաժամի էությունը. ի՞նչ ճգնաժամ ունենք պատերազմի հետևանքով
- Հայկական աշխարհի հեռանկարը
- Հայ-ռուսական հարաբերությունների նոր բովանդակությունը
Սրանք այն հարցերն են, որոնք քննարկելիս կստեղծվի անհրաժեշտ միջավայրը՝ նոր քաղաքական պրոցեսների և նոր դեմքերի ձևավորման համար։ Սրանք այն հարցերն են, որոնք նոր մտածողություն և նոր՝ ադեկվատ պատկերացումներ կձևավորեն և դրանով կխթանեն փակուղուց ելքեր գտնելու և ներհասարակական կամ միջէլեկտորալ երկխոսություն (բանակցություններ) սկսելու գործընթացը։ Որ վերջապես դուրս գանք բունկերներից»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Բոլորովին այլ տոնացույց
- Վահե Հովհաննիսյան. Փրկել. նկարը՝ կախողից, տիրոջը՝ նկարից, պետությունը՝ նրանց բոլորից
- Վահե Հովհաննիսյան. Հարցնենք մեզ՝ որտեղ է սխալը
- Վահե Հովհաննիսյան. Մահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ
- Վահե Հովհաննիսյան. Արժանապատվությունը՝ որպես վերելքի նախապայման
- Վահե Հովհաննիսյան. Փաստաբանական համայնքն այս պահին գուցե Հայաստանի ամենաառաջադեմ միավորն է
- Վահե Հովհաննիսյան. Այս հարցերը պետք է ստանան պատասխան
- Վահե Հովհաննիսյան. Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը. Մաս 3
- Վահե Հովհաննիսյան. Խաղաղության և պատերազմի քննիչ հանձնաժողով. Մաս 2
- Վահե Հովհաննիսյան. Քննիչ հանձնաժողովի ծուղակը
- Վահե Հովհաննիսյան. Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով
- Վահե Հովհաննիսյան. Ամենաբարդ ներհասարակական բանակցությունները
- Վահե Հովհաննիսյան. Հասարակությունը կալկուլյատոր չէ
- Վահե Հովհաննիսյան. Հայաստանը՝ անորոշության և մեծ փոփոխությունների նախաշեմին