Գիտական թեմա. Վերլուծվելու են վայրի կենդանիների և մարդկանց միջև շրջանառվող հիվանդությունների ռիսկերը
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Կենսաանվտանգության կարողությունների զարգացում Հայաստանում. կաթնասունները որպես հիվանդությունների վեկտորներ»
թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է վերլուծել վայրի կենդանիների և մարդկանց միջև շրջանառվող հիվանդությունների ռիսկերը, ինչպես նաև հարուցիչների և դրանց վեկտորների (կաթնասունների վայրի տեսակներ) առկայությունն ու տարածվածությունը: Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից։
Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված ԵՊՀ 5 թեմաներից մեկը «Կենսաանվտանգության կարողությունների զարգացում Հայաստանում. կաթնասունները որպես հիվանդությունների վեկտորներ» թեման է, որի նպատակն է ստեղծել զոոնոզ (կենդանածին) հիվանդությունների ռիսկային ինդեքսի հիման վրա ստացված թեժ կետերի քարտեզներ, ինչպես նաև բացահայտել այդ հիվանդությունների հիմքում ընկած մեխանիզմները, ինչն էլ կնպաստի երկարաժամկետ զարգացող վարակիչ հիվանդությունների մշտադիտարկման ծրագրերի բարելավմանը, ըստ այդմ՝ հսկողության արդյունավետությանը։
Ֆինանսավորման երաշխավորված թեման, Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբ. գիտ. թեկնածու Աստղիկ Ղազարյանի ղեկավարությամբ, ներկայացրել է հետազոտական խումբը, որում ներառված են Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկանատին կից գործող ուսումնական լաբորատորիայի վարիչ Տիգրան Հայրապետյանը, Կենդանաբանության ամբիոնի ասպիրանտ Լևոն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ ԿՀԳԿ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Աբգարյանը:
Աստղիկ Ղազարյանն ասել է, որ ինչպես բնական իրադարձությունների, այնպես էլ կլիմայի փոփոխության պատճառով վարակիչ հիվանդությունների առաջացումը Հայաստանի համար զգալի և աճող ռիսկ է ներկայացնում: Նրա խոսքով, կենսաբանական վերահսկողության և հիվանդությունների վերահսկման վատ համաձայնեցված ռազմավարությունը տարածաշրջանում վտանգում է մարդկանց առողջության պաշտպանությունը:
«Վերջին 50 տարիների ընթացքում ճանաչված մարդկային հարուցիչների հիմնական մասը զոոնոզ է (60%), այսինքն՝ կենդանական ծագում ունի, և դրանց մեծամասնությունը (75%) առաջանում է վայրի կենդանիների մեջ: Թերի ուսումնասիրված կաթնասունների, մասնավորապես չղջիկների և կրծողների, ինչպես նաև ռիսկի այլ գործոնների աշխարհագրությամբ ու բարձր բազմազանությամբ պայմանավորված՝ Կովկասը սահմանվում է որպես զարգացող վարակիչ հիվանդության թեժ կետ»,- ասել է Աստղիկ Ղազարյանը:
Նրա տեղեկացմամբ, ի հայտ եկող վարակիչ հիվանդությունների մեծ մասը և գրեթե վերջին բոլոր համաճարակները ծագում են կենդանիներից, և դրանց առաջացումը հաճախ ենթադրում է դինամիկ փոխազդեցություն վայրի բնության և արագ փոփոխվող միջավայրում գտնվող մարդկանց միջև. «Մեր երկրում վայրի կաթնասունների հարուցիչների և փոխանցման ցիկլերի վերաբերյալ տեղեկությունները թերի են, սակավաթիվ են նաև հազվադեպ վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետազոտությունները»։
«Այս ծրագրով տեսակների բաշխվածության մոդելավորման և «PCR» մեթոդների կիրառմամբ մենք վերլուծելու ենք վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները, ստեղծենք կաթնասունների հարուցիչների շտեմարան։ Բացի դրանից՝ մոդելավորվելու է հարուցիչների և տեր հանդիսացող կաթնասունների տարածվածության բաշխվածությունը։ Ստացված տվյալների հիման վրա էլ քարտեզագրվելու են Հայաստանում զոոնոզ վարակիչ հիվանդություների տարածական տատանումների թիրախային կետերը»,- նշել է հետազոտական խմբի ղեկավարը։
Այս ծրագրի կարևորությունը, ըստ Աստղիկ Ղազարյանի, այն է, որ կաթնասունների կողմից փոխանցվող վարակների համաճարակաբանական հսկողության կազմակերպման համար մշակվելու են նոր մոտեցումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան