«Սիփան Շիրազ. նրա հոգին մարգարեական շնորհ ունի իր մեջ»
Գրող Փարոս Մասիսը ֆեյսբուքյան գրառմամբ հիշել է նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ Սիփան Շիրազին (1967-1997 թթ.)՝ նշելով, որ նրա հոգին մարգարեական շնորհ ունի իր մեջ, նա կանխատեսում է հետագա իրադարձությունների բացասական գծերը, որոնք տեղահանված տրամվայի գծերի պես այլևս ոչ մի տեղ չեն տանելու։
«Մի օր, երբ Գրողների Միության մուտքից ներս մտա, տեսա Սիփանին, նա վերևից իջնում էր, իսկ ես պատրաստվում էի բարձրանալ։ Հանդիպեցինք աստիճանների վրա, նրա տրամադրությունը այնքան էլ լավ չէր։ Հարցրեց, թե ուր եմ գնում։
- Վերև եմ ելնում, - ասացի, - «մարդամեկի» խմբագրությունը։ Արդեն քանի անգամ է, խաբում է, թե հաջորդ համարում իմ գործերն է տպելու, ամեն անգամ հետաձգում է...
- Ես հենց այդտեղից էլ իջնում եմ, - ասաց Սիփանը և ավելացրեց, -Արի, գնա՛նք այստեղից, Փարո՛ս, այստեղ սատանա կա...»։
Փարոս Մասիսը նաև մեծատաղանդ բանաստեղծի պոեզիայից մի քանի նմուշ է հրապարակել.
ԴԱՌԸ ԿԱՏԱԿ
Իմ հայրենիքում տխուր ժամանակներ են.
Եվ կապույտի մեջ շներ են թափառում-
Քաղաքում — առնետներ, մկներ ու մկներ են —
Ապրում են օրվա մեջ և զուր համառում:
Օրերն անցնում են: Կեղտոտ դերասանը,
Անտաղանդ բիճն այդ սարքում է վեճեր,
Չի հասկանում նա, որ հոգու մեր տանը
Չենք ընդունելու ՄԵՆՔ ԻՐ նման բճեր...
Արվեստանոցում դատարկ կտավներ են.
Փորձում եմ նկարել Ձեզ — դերասան կամ քած...
Բոլորիդ երեսին ինչ-որ անձրևում է.
Ախր, ես ունե՛մ ձեր վրա թքած:
Ախր, ես մենա՜կ և այնքա՜ն տխուր եմ,
Ապտակ է տալիս օրն այս խուլ ու փակ,
Եվ թվում է, թե իմ հայրենիքը
Հայրենիք չէ, այլ — մի դառը կատակ:
1994
ՀՈԳՈՒ ԺԱՄԱՆԱԿ
Ես կարոտ եմ լույսի,
Հացի նաև՝ սիրո –
Ու գնում եմ վհատ
Օրվա ճանապարհով։
Ես գնում եմ դեղին
Օրերի մեջ մեռած –
Որպես աղոթք մի ծույլ –
Սին պատարագ դառած։
Ես գնում եմ հեռու,
Ես դառնում եմ քամի,
Ես՝ մահացյալ մի ժամ,
Ես թախիծ եմ հիմի։
Ես ծնվում եմ արդեն,
Ես մեռնում եմ հիմա –
ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԵՆ,
ՄԵՆՔ՝ ԵՍ ՈՒ ԴՈՒ — ԻՄ ՄԱՀ։
1993
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ -ՀԱՅԱՍՏԱՆ
Տղերքը լեռները ելան –
Աստղերը իջնում են ցած...
Տղերքը
Աստղեր են,
Աստղեր են՝
Սքեմներ ու սուսեր
Հագած:
Աստղերը վառվում են հիմա՛ էլ:
Երկինքը – մենություն է մի բաց:
Տղերքը աստղեր են դառել՝
Սքեմներ ու սուսեր հագած:
ՈՒ գնաց,ու մնաց, ու մնաց
Ներկան ու անցյալը արյան –
Սակայն ողջունեց քեզ մի բաց
Լուսաբաց
ՈՒ մի դուռ հարության:
«Ահա, խնդրեմ, ստեղծագործական կյանքի վաղ շրջանում գրված մի բանաստեղծություն, որը անսխալ կանխատեսություն է պոետի լուսավոր հոգու և խավարապաշտ ժամանակի բախման հետևանքների մասին»,- գրել է Փարոս Մասիսիը՝ ներկայացնելով Սիփան Շիրազի «ԻՆՉՈՒ Է ԱՅՍՊԵՍ» բանաստեղծությունը.
Քանի որ լույս ես, հոգի՛ս,
Պիտի զոհվես խավարի մեջ ահարկու,
Պիտի զոհվես՝ նման կիզվող մի ոգու,
Մուժ-մշուշում թողած փայլը աչքերիս,
Թողած սերը հարսանեկան գիշերի,
Թողած բյուրեղ գավաթները հույզերի,
Թողած ոսկե արշալույսի ծնծղան՝
Այսպես ջահել պիտի իջնես գերեզման։
Եվ գիշերը կտիրանա աչքերիս,
Քանի որ սո՜ւրբ լուսատու ես, ո՜վ հոգիս,
Քանի որ լույս ու բերկրանք ես սուրբ ոգու,
Պիտի զոհվես խավարի մեջ ահարկու։
Սիփան Շիրազը ծնվել է 1967 թվականի հունիսի 25-ին Երևանում։ Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ռադիոյում։ 1992 թ. Սիփան Շիրազի խմբագրությամբ լույս է տեսել նրա հոր՝ Հովհաննես Շիրազի «Հատընտիր» ժողովածուի առաջին հատորը, որն ամփոփում էր մեծ բանաստեղծի «Հայոց Դանթեական» պոեմը։
Սիփան Շիրազը մահացել է 1997 թվականի ապրիլի 15-ին Երևանում։
«Նաիրի» հրատարակչությունը 2008 թ. լույս է ընծայել Սիփան Շիրազի բանաստեղծությունների ընտրանին։ Գիրքը ձևավորված է հեղինակի նկարչական աշխատանքների վերատպություններով։ Սիփան Շիրազը ութ գրքի հեղինակ է։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան