Համբիկ Սասունյանը Հայաստանում է
Համբիկ Սասունյանն, ով 1984 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանի սպանության համար, ազատության մեջ է և Հայաստանում է։ Այս մասին գրում է «Ասպարեզը»։
Հայ ժողովրդին ուղղված իր խոսքում նա նշել է, որ մոտավորապես 40 տարի անց պատիվ ունի լինել հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, զգալ ընկերական ջերմությունը։
Համբիկ Սասունյանը (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։ 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ։
Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Դատարանը ցմահ ազատազրկման պատժամիջոցն է ընտրել՝ հանգելով այն եզրակացության, որ սպանության դրդապատճառն ազգային ատելությունն է, թեպետ ամբաստանյալը դատարանում հայտարարել է, որ վրեժ է լուծել Հայոց ցեղասպանության համար:
Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ամերիկյան դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: Վաղաժամ ազատման մասին Սասունյանի պաշտպանների հայցերը մերժվել էին։
2019 թ. դեկտեմբերի 27-ին Կալիֆորնիայի դատարանը 37 տարի ազատազրկումից հետո բավարարել է Համբիկ Սասունյանի հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։