Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է
«Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում»,- այսպես է բնութագրել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը Ավետիք Իսահակյանին։
Հոկտեմբերի 30-ին ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ավետիք Իսահակյանը:
«Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը»,- գրել է ռուս խորհրդային գրականագետ, քննադատ Ալեքսանդր Դիմշիցը։
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլում: 1893թ.-ին Գերմանիայում ընդունվել է Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը` որպես ազատ ունկնդիր: 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտե, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենքի և դրամական միջոցների հայթհայթման գործին։ 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի անցկացրել Երևանի բերդում:
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897թ.), սակայն շուտով կրկին ձերբակալվել է և որպես ցարական միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ աքսորվել է Օդեսա: 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը:
1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների՝ Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հովհաննես Թումանյանը) խոշոր գրավով ազատվել է կալանքից:
Կովկասում մնալն այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահման: Առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի քաղաքականության վերաբերյալ։ Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանի ստեղծագործությունում արտացոլվել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը:
Բանաստեղծը ձեռնամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում ներկայացել է հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը վերաբերում էր Հայկական հարցին, Հայաստանի վերամիավորման խնդրին, հայկական պետականության վերականգնմանը:
1926 թվականին Իսահակյանն այցելել է Խորհրդային Հայաստան: Այստեղ նա հրատարակել է նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ։ Վերադարձել է արտասահման 1930թ. և ապրել այնտեղ մինչ 1936 թվականը: 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձել է հայրենիք, ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946թ.), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միության նախագահն է եղել:
Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։ Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ. «Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը։ Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել…»։
Ա. Իսահակյանը մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երևանում։
Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, մասնավորոպես «Աբու-Լալա Մահարի» պոեմը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
«Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ»,- ասել է Եղիշե Չարենցը։