Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքը կորոնավիրուսի տարածման գործոն է. Գամղրելիձե
«Իհարկե, մենք չենք ողջունում նման միջոցառումները, ինչ նպատակ էլ որ դրանք ունենան։ Դա մեծ գործոն է վիրուսի տարածման համար, վարակի տարածման սպառնալիքի առումով»,- ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ պատասխանելով Jnews-ի հարցին, թե որքանո՞վ են նպատակահարմար Թբիլիսիում իշխանությունների բազմահազարավոր հանրահավաքները համավարակի հերթական ալիքի շրջանում։
Նա նշել է, որ իրենք տարբեր քայլերի կոչ են անում՝ դիմակ կրել ամենուր, նաև՝ փակ տարածքներում, պետք է հեռավորություն պահել, զերծ մնալ ամեն տեսակի միջոցառումներից՝ լինի դա հարսանիք, թե թաղում, թե հանրահավաքներից։
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 27-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի է ունեցել երկրի իշխանությունների կազմակերպած խաղաղ, նախընտրական հանրահավաք։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, ցույցին մասնակցել է 150 հազար մարդ։ Ախալքալաքից հանրահավաքին մասնակցելու նպատակով Թբիլիսի էր մեկնել 1000-1700 մարդ։
Երկրում անցկացվող «Պատվաստման մարաթոնի» շրջանակներում հոկտեմբերի 28-ին Ամիրան Գամղրելիձեն այցելել էր Ջավախք։