ԵԽ ղեկավարը հորդորել է պատրաստվել հաջորդ համաճարակներին
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի առաջին օրը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Մենք պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին: Լայն աջակցություն ունեցող համաձայնագիրը համավարակների վերաբերյալ թույլ կտա մեզ ամրապնդել միջազգային համագործակցությունը՝ տեղեկատվության ավելի լավ փոխանակում, համավարակների ավելի լավ հայտնաբերում և համապատասխան որոշումների հայթայթման ավելի լավ շրջանակներ»,- ասել է Միշելը:
Եվրախորհրդի ղեկավարը անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեմային: Նա ընդգծել է, որ G20-ի երկրները բարոյական պարտավորություն, ինչպես նաև հավաքական տնտեսական հետաքրքրություն ունեն ողջ աշխարհով պատվաստանյութերի տարածման հարցում: Շառլ Միշելը կարևորել է նաև պատվաստանյութերի արտադրության սկսումն Աֆրիկայում, ինչպես նաև տնտեսական խնդիրների հետ բախվող երկրներին աջակցության տրամադրումը: