«Իշխանությունների հետ ունեցած տարակարծությունները չեն կարող խոչընդոտել ՀՅԴ-ին՝ Արցախի կողքին կանգնելու համար»
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 27-29-ը իր հերթական այցն է կատարել Արցախ: ՀՅԴ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն իր այցելության ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ, խորհրդակցություններ եւ ժողովներ:
Այցելության առաջին օրը Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ Արցախի Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունունների ղեկավարների հետ:
Այցելության երկրորդ օրվա սկզբին հանդիպում տեղի ունեցավ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Իսկ օրվա մնացած մասը հագեցած էր ՀՅԴ կազմակերպական միավորների և շարքերի հետ հանդիպումներով և ժողովներով: Նախ կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության վարչության հետ, ապա գումարվեց ժողով՝ ՀՅԴ Արցախի Հայ դատի հանձնախմբի հետ: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել նաև ՀՅԴ Արցախի ընկերական ընդլայնված ժողով՝ շրջաններից Ստեփանակերտ ժամանած ընկերների և ներկա ու նախկին պատասխանատու մարմինների հետ:
Այցելության ընթացքում Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հետ:
Այցելության ավարտին ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ ամփոփվել են հանդիպումների արդյունքները:
Հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին ընկերակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ Արցախ կատարած այցի կապակցությամբ զրուցել է «Ապառաժ»-ը:
Անդրադառնալով հանդիպումների ընթացքում առծածված թեմաներին, Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ հիմնականում քննարկվել են Արցախի կարգավիճակին, նրա անվտանգությանը, ժողովրդի տրամադրվածությանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Արցախում կատարած աշխատանքին, մասնավորապես տեղահանված բնակչության բնակարանային ապահովվածության և նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ:
ԱՀ իշխանությունների հետ ունեցած հանդիպումները Հակոբ Տեր-Խաչատուրյանը արդյունավետ է համարել՝ նշելով, որ իշխանությունների հետ ունեցած տարակարծությունները չեն կարող խոչընդոտել ՀՅԴ-ին՝ Արցախի կողքին կանգնելու, նրան ամեն գնով աջակցելու և սկսված քաղաքական ու մարդասիրական աշխատանքները շարունակելու համար:
Դաշնակցության Արցախի համար տարվող աշխատանքներն այս պահին ընթանում են չորս ուղղություններով: Նախ՝ միջազգային առումով Արցախի կարգավիճակի հարցի միջազգայնացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման խթանում և Արցախի անկախության ճանաչման՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառման ուղղույեամբ աշխատանքներ, երկրորդ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի միջոցով Արցախի ներքաղաքական կյանքին մասնակցություն և խնդիրների լուծում, երրրորդ՝ ներկուսակցական առումով ներքին կազմակերպական քննարկումներ, երիտասարդության ներգրավում եւ Հայ Դատի աշխատանքներ, եւ վերջապես՝ Արցախի համար մարդասիրական եւ նյութական օժանդակության տրամադրում:
Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և շրջանների կոմիտեների ու պատասխանատու ըներների հետ հանդիպումը։ Քնարկվել են Արցախի իրավիճակի, առաջնահերթությունների և ապագա անելիքների վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ոչ միայն զեկուցել է Հայաստանի ու Արցախի ներկա իրավիճակի և աշխարհով մեկ տարվող աշխատանքների մասին, այլ նաև լսել է Արցախի պատասխանատու մարմինների ներկայացուցիչներկի կարծիքներն ու առաջարկները:
Անդրադառնալով Արցախի ապագայի վերաբերյալ Դաշնակցության տեսլականին, Հակոբ Տեր-Խաչատուրյանը ընգծել է, որ Դաշնակցության համար անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի գերիշխանության տակ: ՀՅԴ օրակարգում է Արցախի՝ որպես անկախ պետության կայացումը, զարգացումը և միջազգային հանրության կողմից նրա անկախության ճանաչումը, որից հետո բնականոն հոլովույթով մայր հայրենիքի հետ վերամիավորումը:
Նրա խոսքով, ՀՅԴ-ն ոչ պատերազմի ընթացքում և ոչ էլ դրանից հետո չի դադարեցրել իր ողջ ներուժը ի սպաս դնել Արցախի և Հայաստանի հզորացմանը:
Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ճգնաժամին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ այդ ճգնաժամը արդյունք է ՀՀ իշխանությունների ապազգային քաղաքականության, հայրենիքը ահավոր պարտության առաջնորդուելուն եւ ծայրայեղ զիջումների գնալու իրենց պատրաստակամության: Այս իրավիճակը ստեղծելոուց բացի, ՀՀ գործող իշխանությունները նպաստել են նաեւ ընդհանուր համազգային օրակարգի շուրջ հայության համախմբումը ապահովելու փոխարեն պառակտիչ գործունեություն ծավալելով:
«Այդ պառակտիչ գործողությունները հիմա ուզում են տեղափոխել նաև սփյուռք: Ամեն ինչ արվում է դրան դիմակայելու, այդ կործանարար քաղաքականությանը առաջն առնելու և պառակտում թույլ չտալու համար»,- ասել է նա:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն անդրադարձել է նաև համայն հայության մոտ առկա ընկճվածության մթնոլորտին, որը հետևանքն է պատերազմում կրած աղետալի պարտության: Նա վստահ է սակայն, որ մեր ժողովուրդը կվերագտնի իր ապետական ուժն ու վճռակամությունը, ոտքի կկանգնի և կշարունակի հայ ժողովրդի իրավունքներին ի խնդիր ազգային-ազատագրական պայքարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան