Այսինքն մենք այստեղ անելիք չունե՞նք. Գյումրու ավագանու անդամը՝ նորընտիր քաղաքապետին
Գյումրու ավագանու առաջին նիստում ընդգրկված հարցերից են 4 մշտական հանձնաժողովների կազմավորումն ու հանձնաժողովների նախագահների և նրա տեղակալների առաջադրումը։
Նախքան այդ հարցերի քննարկումը, ավագանու անդամներից մեկն առաջարկեց այս հարցերը տեղափոխել հաջորդ նիստ. «Քանի որ «Բալասանյան» դաշինք ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները ստորագրել են համագործակցության հուշագիր, որը ենթադրում է՝ նրանք ստանձնել են համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար, առաջակում եմ օրակարգի 4-5 հարցերը տեղափոխել հաջորդ նիստ»։
Այս առաջարկությունը քվարկությամբ ընդունվեց։
Ավագանու անդամներից մեկը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է տեղափոխվում. «Միասնական կառավարում, այսինքն՝ մենք այստեղ անելիք չունե՞նք։ Ինչո՞ւ չենք քննարկում, քվեարկում, ի՞նչ պատճառաբանություն կա»։
Որպես պատճառաբանություն նշվեց՝ ժամանակի սղությունը։
«Ոչ, մենք եկել ենք այստեղ աշխատանքի, ի՞նչ կա սղության։ Կանոնակարգում 50-րդ հոդված կա, այնպես չէ, որ հանձնաժողովի նախագահները միայն շատ ձայներ ստացած խմբակցությունների կողմից է լինելու», - նշեց հարցերը՝ հաջորդ նիստ տեղափոխմանը դեմ ավագանու անդամը։
Առաջարկվեց՝ հարցը կարող են քննարկել նաև արտահերթ նիստում։
«Պարոն քաղաքապետ, առաջին իսկ օրվանից, առաջին իսկ պահից խնդրում եմ ամեն ինչին այդպես արագ չգնալ կոմպրոմիսի։ Իրոք անհասկանալի է՝ ինչու հարցերը տեղափոխել։ Խնդրում եմ պաշտոնը ստանձնելուց հետո առաջին իսկ պահից ամեն հարց այսպես իմիջիայլոց չընդունվի ու դրվի քվերակության»,- նշեց ավագանու անդամը։
Նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց, որ հարցերը հաջորդ նիստ տեղափոխելու առաջարկը դրվել է քվեարկության, ընդունվել է, այստեղ որևէ խնդիր չի տեսնում։
«Ժամանակի սղությունը չի՞ դիտարկվում լուրջ պատճառ, պարոն քաղաքապետ։ Պատճառը պետք է հիմնավորվի։ Ի՞նչ է նշանակում ժամանակի սղություն»,- հակադրվեց ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացել էր համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ, այնուհետև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:
Այսօր ավագանու առաջին նիստին ավագանին ընտրեց քաղաքապետ։ Միայն «Բալասանյան» դաշինքն էր առաջադրել թեկնածու՝ Վարդգես Սամսոնյանին։ Գյումրի ավագանին՝ 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ նրան ընտրեց քաղաքապետ։
Նրա թեկնածությանը դեմ էին քվարկել «Զարթոնք», «Հայաստանի Հանրապետական» և «Ապրելու երկիր» խմբակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրին նոր քաղաքապետ ունի
- Գյումրու քաղաքապետի պաշտոնում մեկ թեկնածու է առաջադրվել
- «Զարթոնք»-ի կողմից հրապարակային կարգով «Բալասանյան Դաշինք»-ին համագործակցության առաջարկ էր արվել
- «Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր են ստորագրել
- Գյումրու համայնքի ղեկավարի ընտրությունը՝ երկուշաբթի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի