Էրդողանը՝ «3+3»-ի մասին․ Եկեք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման խնդրին։ Այս մասին, Anadolu գործակալության հաղորդմամբ, նա ասել է Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում։
Էրդողանը հայտարարել է, թե Հարավային Կովկասում «վեցյակի» (3+3) պլատֆորմի ձևավորման շուրջ բանակցությունները շարունակվում են։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան. եկեք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ։
«Վրաստանի կողմից որոշակի բացասական վերաբերմունք կա (3+3 հարթակին-խմբ․), բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ նման հարթակի ձևավորումը կնպաստի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը դրական ուղղությամբ։
Հռոմում «3+3»-ի հեռանկարները քննարկել են նաև Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ «3+3» մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները, որին սատարում է Ռուսաստանը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՌԴ մասնակցությամբ։ Վրաստանը հայտարարում է, որ դեմ է այս ձևաչափին ու առաջարկում նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:
Վերջերս Վրաստանում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, պատասխանելով «3 + 3» ձևաչափի մասին հարցին, հայտարարեց, որ «Ռուսաստանը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը»։
«Ինչ վերաբերում է 3 + 3 ձևաչափին, ապա առաջարկի հետ կապված ես ուղղակի ասացի, որ Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20%-ը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը: Նախքան խոսելը Հարավային Կովկասի երկրների համագործակցության մասին, նրանք պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը», - ասել է Լլոյդ Օսթինը։
ՌԴ ԱԳՆ ներկայաուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան, հայտարարեց, թե ՄՆ-ը փորձում է կանխել Անդրկովկասում «3 + 3» ձևաչափի գործարկումը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3 + 3» մեխանիզմի հեռանկարները
- Զախարովա. ԱՄՆ-ը փորձում է կանխել Անդրկովկասում «3 + 3» ձևաչափի գործարկումը
- ԱՄՆ Պաշտպանության նախարարը Վրաստանում խոսել է «3 + 3» ձևաչափի մասին