Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3 + 3» մեխանիզմի հեռանկարները
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն շաբաթ երեկոյան Հռոմում, որտեղ ընթանում էր G-20 գագաթնաժողովը, բանակցություններ են վարել։ Այս մասին գրում է Interfax-ը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը»։
Հաղորդումների համաձայն՝ «տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3 + 3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»։
Հիշեցնենք, որ «3+3» մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները, որին սատարում է Ռուսաստանը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՌԴ մասնակցությամբ։ Վրաստանը հայտարարում է, որ դեմ է այս ձևաչափին ու առաջարկում նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:
Վերջերս Վրաստանում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, պատասխանելով «3 + 3» ձևաչափի մասին հարցին, հայտարարեց, որ «Ռուսաստանը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը»։
«Ինչ վերաբերում է 3 + 3 ձևաչափին, ապա առաջարկի հետ կապված ես ուղղակի ասացի, որ Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20%-ը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը: Նախքան խոսելը Հարավային Կովկասի երկրների համագործակցության մասին, նրանք պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը», - ասել է Լլոյդ Օսթինը։
ՌԴ ԱԳՆ ներկայաուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան, հայտարարեց, թե ՄՆ-ը փորձում է կանխել Անդրկովկասում «3 + 3» ձևաչափի գործարկումը։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. ԱՄՆ-ը փորձում է կանխել Անդրկովկասում «3 + 3» ձևաչափի գործարկումը
- ԱՄՆ Պաշտպանության նախարարը Վրաստանում խոսել է «3 + 3» ձևաչափի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան