«Կոնդ». Թերլեմեզյանի ուսանողներն իրենց տեղծագործություններում վերակենդանացրել են թաղամասի հին տներն ու բակերը
Թերլեմեզյան ցուցասրահում նոյեմբերի 12-26-ը գործելու է «Կոնդ» խորագրով ցուցահանդես։
«Կոնդը Երևանի հին թաղամասերից մեկն է: Պատմական հիշողությամբ հարուստ Կոնդը` ինքնատիպ հին տներով, հուշարձաններով և կոլորիտով մշտապես արվեստագետների, հատկապես նկարիչների ուշադրության կենտրոնում է եղել: Տարիների ընթացքում թաղամասն իր յուրօրինակ զարգացումն էր ապրում:
Այստեղ ձևավորել է մի ինքնատիպ ենթամշակույթ, որն ինքնին արդեն արժեքավոր է: Պատահական չէ, որ տասնամյակների ընթացքում ստեղծվել են Կոնդի պահպանման և վերակառուցման մի շարք նախագծեր: Մասնավորապես Կարեն Դեմիրճյանը Կոնդը պատկերացնում էր որպես Երևանի Մոնմարտրը: Սակայն նախագծերը, ինչպես մի շարք այլ վերակառուցման պլաններ, իրականություն չդարձան:
Հիշողության բազմաթիվ լարեր են կապում Կոնդը Թերլեմեզյանի քոլեջի հետ:
Գեղարվեստի ուսումնարանի առաջին շենքը 1921թ-ից գտնվում էր Լեո 1 հասցեում (2007թ-ին տեղափոխվեց Արշակունյաց 39), Կոնդի բարձունքից ներքև:
Դասամիջոցներին, պրակտիկայի ժամերին կամ պարզապես դասերից ազատ ժամանակ թերլեմեզյանցիները բարձրանում էին Կոնդ՝ նկարելու: Նեղլիկ փողոցները, միմյանց վրա բարձրացող հին տները, տների մուտքերի մոտ նստած տարեցներն ու փողոցներով վազվզող երեխաները, առօրյա գործերով տարված կոնդեցիները, փողոցի աղմուկն ու կեսօրի լռությունը տարբեր սերունդների նկարիչների պատկերման սիրված մոտիվներից էին:
Իրենց հիշողություններում թերլեմեզյանցիները միշտ վառ են պահում տեխնիկումում ուսանելու տարիներն, իրենց դասախոսներին, դասընկերներին ու Կոնդի հետ կապված բազմաթիվ պատմություններ: Չէ որ ուսանողներից շատերն, անգամ դասավանդող վարպետները, հենց այդտեղ էին տներ վարձակալում, այդտեղ էին տեղավորում իրենց արվեստանոցները, որոնք դառնում էին ժամանակի արվեստագետների հավաքատեղիներ:
Այսօր էլ թաղամասն իր գեղարվեստական կերպարով գրավում է երիտասարդներին, արվեստագետներին, ինչպես նաև զբոսաշրջիկներին` նոր սերունդների համար դառնալով արվեստային ինքնատիպ միջավայր։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
2021թ-ին Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը դարձավ 100 տարեկան:
Կարեւորելով քոլեջի պատմական դերն ու նշանակությունը քաղաքային մշակույթի ձևավորման մեջ, անդրադառնալով քոլեջի պատմությանն, ինչպես նաև թերթելով մեր տարբեր սերունդների արվեստագետների հուշերը, նախաձեռնեցինք «ԿՈՆԴ» կրթամշակութային ծրագիրը, որը յուրօրինակ կապ կհանդիսանա անցյալի ու ներկայի միջև:
Խնդիր էր դրվել ուսումնասիրել և վիզուալացնել թաղամասի ճարտարապետական յուրօրինակ կերպարը, կենցաղն ու առօրյան:
Ծրագիրը բաղկացած է երեք փուլից` տեսական, գործնական եւ հանդիպում-քննարկումներ:
Տեսական փուլի ընթացքում ուսանողները ճարտարապետ Սևադա Պետրոսյանի հետ հետաքրքիր ու ինֆորմատիվ դասախոսություն և շրջայց ունեցան թաղամասով, որի ընթացքում ծանոթացան թաղամասի պատմությանն ու բացահայտեցին Կոնդի ճարտարապետական ֆոնեմենը:
Գործնական փուլում` ամառային պրակտիկայի ընթացքում, աշխատեցին Կոնդում` իրենց ստեղծագործություններում վերակենդանացնելով թաղամասի հին տներն ու բակերը։ Տեղում կատարեցին գեղանկարչական էտյուդներ ու լուսանկարչական աշխատանքներ, իսկ ուսանողների մեկ այլ խումբ էլ` գրաֆիկական էտյուդների հիման վրա` դասախոս Հրանտ Սահակյանի ղեկավարությամբ ուսումնասիրեց տպագրական գրաֆիկայի տեխնիկաներն ու շուրջ երկու ամիս աշխատեց լաբարատորիայում:
Այս ցուցահանդեսն ամփոփում է լայնածավալ ծրագրի մի մասը, իսկ մյուս հատվածն էլ (հանդիպում-քննարկումներ ուսումնասիրվող նյութի շուրջ)` հաջորդիվ»,- նշված է ցուցահանդեսի և ծրագրի մասին պատմող ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
- Կոնդ թաղամասում ժառանգության պահպանում․Ֆրանսիայի դեսպանությունն ու Գյոթե կենտրոնը համատեղ միջոցառումներ են կազմակերպում
- Քննարկվել է Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագիրը
- Եթե Կոնդն էլ փչացնենք 2800-ամյա Երևանը կզկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց ․ Տիգրան Գալստյան
- Կարծես վերջնական մեխն է խրվելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում. Վիկտոր Մնացականյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները