«Վնգստացող դատավորներ» արտահայտության համար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ կհարուցվի ու կենթարկվի պատասխանատվության
«Փաստինֆո»-ն գրում է.
«2019 թվականին հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել, և ժամանակ առ ժամանակ հիշեցվում է տարբեր հանրային գործիչների կողմից։
Սակայն փաստն այն է, որ բացի քաղաքական քննարկումներից՝ այն հանգեցրել է նաև որոշակի իրավական գործընթացների։ Մասնավորապես «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դեռևս 2019 թվականին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության կողմից դիմում էր ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, նշված արտահայտությունը կատարելով, թույլ է տվել էթիկայի կանոնների խախտում։ Հանձնաժողովը վարույթ չէր ընդունել դիմումը, և նույն ՀԿ-ն այդ գործողությունը վիճարկել էր դատարանում՝ խնդրելով պարտավորեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նշված փաստով հարուցել վարույթ։
Եվ ահա շուրջ երկու տարի անց այս դատական վեճը ստացել է իր վերջնական հանգուցալուծումը։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը դեռեւս 2020թ․ օգոստոսի 24-ի վճռով բավարարել էր «Քաղաքացիական գիտակցության» հայցը, այնուհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վճիռը բողոքարկել էր վերաքննիչ ատյանում, որը 2021թ․ մայիսի 26-ի որոշմամբ առաջին ատյանի վճիռը թողել էր անփոփոխ։ Այնուհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել էր վճռաբեկ բողոք, սակայն 2021թ․ սեպտեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մերժել էր Հանձնաժողովի բողոքը վարույթ ընդունելը՝ վերջնականապես լուծելով այս դատական վեճը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսպիսով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստիպված է լինելու վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության համար ու նրան ենթարկել պատասխանատվության»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի