Որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ Արցախի ԱԻ-ը բանակցում է շահագրգիռ կառույցների հետ
2021 թվականի հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 767 զանգ:
Ծառայությունից հայտնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ հրդեհի մասին բարեբախտաբար կանչեր չեն արձանագրվել, որը պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ:
Զենք զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 22 հրթիռ, 4 թնդանոթի արկ և 9 ավիառումբ:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 30, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 30 պատահար:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
Հոկտեմբերի 30-ին նշվել է համակարգի աշխատակցի մասնագիտական օրը և ԱԻ պետական ծառայության գործունեության 29-րդ տարեդարձը: