Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում քաղաքացիներին ուղեկցում է ոստիկանությունը. Արա Ֆիդանյան
«Երբևէ մինչ օրս չի եղել մի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողներն առանց հիմքի տուգանեն որևէ քաղաքացու։ Վստահեցում եմ՝ չի լինելու նման դեպքեր, այլ կատարելու են զուտ օրենքով իրենց վերապահված իրավունքները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով այսօրվանից բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու և քննադատությունների վերաբերյալ հարցին, որ «քաղաքացին դառնալու է տուգանքի առարկա»։
Նա նշեց, որ նախորդ նման սահմանափակման ժամանակ տուգանքներից բավականին մեծ թվով վճարումներ կան, հակառակ պարագայում նյութերն ուղարկվում են ԴԱՀԿ։
Դիտարկմանը՝ եղել են դեպքեր, երբ չեն վճարել տուգանքը, դատարանի կողմից նման որոշում է կայացված եղել, փոխոստիկանապետն ասաց. «Եղել են դեպքեր, երբ ուղղակի արձանագրությունը կամ թերի էր կազմված, կամ որոշակի մանրամասներ, որոնք պետք է նշվեին, չէին նշել։ Բացառապես դրամով է պայմանավորված»։
Հարցին՝ ոստիկանությունը Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ հատվածում ի՞նչ ֆունկցիա է կատարում, այսինքն՝ ուղեկցող ֆունկցիա՞ և արդյո՞ք բավարարում են ոստիկանական ուժերը, անձնակազմի ավելացման կարիք կա՞, Ա. Ֆիդանյանն ասաց. «Ոստիկանությունն այնտեղ իրականացնում է մի շարք գործառույթներ՝ անվտանգությունն է ապահովում, ուղեկցումներ է իրականացնում։ Ուղեկցումներ իրականացվում է նաև Տաթևի ճանապարհին»։
Նա նշեց, որ ոստիկանական ծառայողների թվաքականի հետ կապված որոշակի խնդիր ունեն ոչ միայն այդ հատվածում, բայց կարողանում են այլ ծառայությունների ուժերով, միջոցներով կազմակերպել և մինչ օրս որևէ էական խնդիր չեն ունեցել։
Լրագրողի հարցին, թե վերջերս ՀՀ քաղաքացիներից մեկն ահազանգել էր, որ ադրբեջանցիներն իրեն կանգնեցրել են, երկար ստուգել, հարվածել մեքենային, ասում են՝ նման դեպքեր պարբերաբար են լինում այդ 21 կմ հատվածում, Ա. Ֆիդանյանն ասաց. «Նման տեղեկատվություն շրջանառվել է, տվյալ հատվածում պետք է կանոնակարգում իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։
Ճանապարհի այն հատվածը, որը ոստիկանության գործառույթներից, լիազորությունների շրջանակից դուրս է գտնվում, պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն՝ ճանապարհի այն հատվածը, որը ՀՀ տարածքում չի դիտարկվում և այնտեղ որոշակի դեպք է տեղի ունենում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում ոստիկանությունն է զբաղվում այդ հատվածում։ Մենք այնտեղ մի շարք դեպքեր ունեցել ենք, ոստիկանությունն այնտեղ իրականացրել է համապատասխան միջոցառումներ»։
Ճշտող հարցին՝ եթե ուղեկցումներ կան, ինչպե՞ս են նման դեպքեր տեղի ունենում, փոխոստիկանապետն ասաց. «Չեմ կարող ասել, ըստ էության այլ ծառայություններն են ստուգումներ իրականացնում, ճիշտ կլինի իրենց հարցնել»։
Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպոտային պատահարների ավելացմանը, նա ասաց, որ արձանագրվել են պատահարների, զոհերի աճ, մարմնական վնասվածքների նվազում։ Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով վերջին տարիներին տրանասպորտային միջոցերի մեծածավալ ներկրմամբ։
«Վերլուծությունները ցույց են տալիս, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորված է թեթև պատահարներով, իսկ մահվան դեպքերը Երևանից դուրս արագացումներով կամ ճանապարհների վատ լուսավորության և ամխիթար վիճակով է պայմանավորված»,- ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում. Տիգրան Աբրահամյան
- Գորիս-Կապան ճանապարհի հատվածը դե ֆակտո տրված է Ադրբեջանին. Աննա Գրիգորյան
- Երթևեկել եմ Գորիս-Կապան ճանապարհով, երթևեկությունն անցել է նորմալ. Գլխավոր շտաբի պետ
- Գորիս-Կապան ճանապարհին համապատասխան անվտանգային համակարգերը կամ չեն գործում կամ գործում են խիստ խափանումներով. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան