«Պահ Սպենդիարյանական»
Այսօր լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը: Սպենդիարյանի տուն-թանգարանից հայտնում են, որ ժամը 13:00-ին հայտարարվում է «Պահ Սպենդիարյանական». կոմպոզիտորի երաժշտությունը կհնչի ամենուր` Հայաստանում և Արցախում:
Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թ. նոյեմբերի 1-ին Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի, Դնեպրովյան գավառի Կախովկա քաղաքում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա):
7 տարեկանից ստեղծագործել է, 9 տարեկանից նվագել է դաշնամուր, իսկ ավելի ուշ՝ ջութակ: 1890 թ-ին ավարտել է Սիմֆերոպոլի գիմնազիան, 1895 թ-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Ստեղծագործական առաջին փորձերն արել է այդ տարիներին, եղել է ուսանողական նվագախմբի կոնցերտմայստեր: 1892–94 թթ-ին կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Նիկոլայ Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900 թթ-ին՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ, միաժամանակ ավարտել իր առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար:
1901 թ-ից Սպենդիարյանը մշտապես բնակվել է Ղրիմում, որտեղ ծավալել է դիրիժորական գործունեություն, մշակել ժողովրդական երգեր և պարեղանակներ: Յալթայի նրա տանը հաճախ հավաքվել են ժամանակի խոշոր գրողներ և արվեստագետներ Լև Տոլստոյը, Ֆեոդոր Շալյապինը, Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը և ուրիշներ:
Որպես կոմպոզիտոր՝ Սպենդիարյանը ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ: Ժողովրդական ստեղծագործության հիմքի վրա Սպենդիարյանն ստեղծել է ծրագրային երաժշտություն: 1924 թ-ին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով կոմպոզիտորը տեղափոխվել է Երևան, մասնակցել կոնսերվատորիայում օպերային դասարանի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր: Հայաստանի շրջաններում լսել և ձայնագրել է ժողովրդական երգեր ու պարեղանակներ, մշակել է նաև Սայաթ-Նովայի «Ղարիբ բլբուլ» երգը: Սպենդիարյանը գրել է խորհրդահայ առաջին դասական` «Ալմաստ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոյի հեղինակ՝ բանաստեղծուհի Սոֆյա Պառնոկ):
Սպենդիարյանը մեծ դեր է խաղացել հայկական կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորման մեջ: Նա ընդարձակել է հայկական երաժշտության ժանրերի արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին: Սպենդիարյանի «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ), «Երևանյան էտյուդները» և այլ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներից են:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանը մահացել է 1928 թ. մայիսի 7-ին Երևանում: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ Ա. Սպենդիարյանի աճյունն ամփոփվել է ճարտարապետի նախագծով կառուցվող Ժողտան (այժմ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) հարակից պուրակում: Ճարտարապետն իր անձնական ծախսերով էր հոգում շիրիմի մոտ ծաղիկների աճեցումն ու խնամքը:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում կայացել է Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային հատուկ ծրագիր
- ՄԹ-ում առաջին անգամ հնչել է Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը համերգային կատարմամբ
- Թողարկվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ
- Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորների Սպենդիարյանի 150 և Բաբաջանյանի 100-ամյակներին
- Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները