Որպես կանոն, խփում են հետևից, դա էլ շատ ազգային յուրահատկության է նմանվել. Անդրանիկ Քոչարյան
«Չնայած պարեկների աշխատանքում գործնականում ծագած մի շարք խնդիրներին, որոնց լուծման նպատակով իրականացվել են համալիր միջոցառումներ, այդուհանդերձ, Երևանում հուլիսից գործարկված պարեկային ծառայության ներդրումը կարելի է համարել հաջողված»,- ԱԺ մշտական հանձնաժողովների միասնական նիստում Ոստիկանության 2022 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Փոխոստիկանապետն այն համարեց նոր որակի և փիլիսոփայությամբ ծառայության անցկացման կարևոր գրավական:
Նրա խոսքով՝ աշխատանքներ են ընթանում Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ, որը նախատեսվում է գործարկել 2022թ․ ապրիլին։
Ֆիդանյանը հայտնեց, որ ընթացքի մեջ է տրանսպորտային և սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացը և Հայաստանի ողջ տարածքում պարեկային ծառայության ներդրումը փուլային տարբերակում նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2024թ․-ի վերջը և այդ նպատակով էլ մյուս ութ մարզերում իրականացվում են կարիքների և ուժերի ուսումնասիրություններ։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը սպասված արդյունքները չի տալիս:
«Սկզբի շրջանում, ոնց որ թե լավ էր, բայց, ոնց որ մեր չար վարորդները գտան ձևերը բալերը դեսից-դենից հավաքագրելու՝ իրենց ամուսինների հաշվին, ընկերների հաշվին, մենք դրա դեմը ո՞նց պետք է առնենք»,- հարցրեց Անդրանիկ Քոչարյանը և առաջարկեց արագ օրենսդրական առաջարկ պատրաստեն։
ՔՊ պատգամավորի խոսքով՝ ամեն օր ճանապարհներին արձանագրվում են միջադեպեր:
«Որպես կանոն, խփում են հետևից, չգիտեմ՝ ինչու, դա էլ շատ ազգային յուրահատկության է նմանվել»,- ասաց Քոչարյանը։
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պնդեց՝ բալային համակարգն իր դրական ազդեցությունն ունեցել է, բայց ճանապարհատրանսպորտային պատահարներն ավելացել են։
Տեղեկացնելով, որ բալային համակարգը գործում է բացառապես տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում՝ փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ տեխնիկական միջոցներով հիմնականում հագեցված է Երևանը, և այդ պատճառով էլ Երևանում ՃՏՊ-ների արդյունքով զոհերի թիվն ավելի քիչ է, քան՝ մարզերում:
Հարակից հրապարակումներ`
- Էդ կին փրկարարները, կոպիտ ասած, ինչո՞վ են ձեզ խանգարում. Արթուր Խաչատրյանը՝ Անդրանիկ Փիլոյանին
- 2022 թ. ԱԱԾ բյուջեն 2021 թ-ի բյուջեի նկատմամբ ավելի է 22.85 %-ով. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի