Բիարից քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Ս.թ. հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Ֆրանսիայի Բիարից քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգին, Բայոնի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Լը Մուան Սուրզուրը, ինչպես նաև «Ագուր Արմենիա» հայկական կազմակերպության նախագահ Կլեման Պարաքյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վենսան Բրյուն, մերձակա քաղաքների մունիցիպալ խորհուրդների ներկայացուցիչներ, հասարակական գործիչեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
«Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Բիարիցի քաղաքապետին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տեղադրման կապակցությամբ՝ ընդծելով հիշողության և ոգեկոչման կարևորությունը՝ հանուն Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անշիրիմ զոհերի, արցախյան պատերազմի նահատակների, ինչպես նաև՝ ընդդեմ ժխտողականության, որն, անպատժելիության հետ զուգակցված, դուռ է բացում նոր ոճիրների առջև, ինչի ականտեսն եղանք և Արցախյան պատերազմում:
Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Բիարիցում առկա փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքի դերակատարությանը ինչպես քաղաքի մշակութային, տնտեսական, հասարակական կյանքում, այնպես էլ հայ-ֆրանսիական բարկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում:
Քաղաքապետի խնդրանքով՝ դեսպան Տոլմաջյանը ներկայացրեց 2020թ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ։