Ի՞նչ են քննարկել Լավրովն ու Միրզոյանը
Նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախարարները քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հաշվի առնելով նոյեմբերյան եռակողմ փաստաթղթի մոտալուտ օրը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ևբոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
«Հատուկ ուշադրություն ենք դարձրել հրատապ հումանիտար խնդիրների լուծմանը, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու մասին հարցերին։
Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական համագործակցության արդի ասպեկտներին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներում առաջիկայում սպասվող երկկողմ շփումները։ Նշվել է դաշնակցային համագործակցության առաջանցիկ զարգացումը։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան