Որ կանայք ՏԻՄ ընտրություններում ակտիվ լինեն
«Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ի կողմից իրականացվող «Ընտրողների ուժը» եռափուլ ծրագրի շրջանակում հոկտեմբերի 25-26-ին Եղվարդ քաղաքում տեղի ունեցավ «Ընտրողների ուժը» խորագրով դասընթաց Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Սարալանջ, Արագյուղ, Զորավան, Զովունի, Արգել, Նոր Գեղի, Քարաշամբ, Թեղենիք, Քանաքեռավան, Պռոշյան, Քասախ բնակավայրերի շուրջ 60 կին ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դասընթացի նպատակն է զարգացնել կանանց շրջանում մասնակցային կարողությունները և քաջալերել նրանց ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՏԻՄ ընտրություններին:
ՀԿ-ից հայտնում են, որ դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծրագրի փորձագետներ, քաղաքագետներ Կնյազ Սարոյանի և Դանիել Շահումյանի հետ միասին համակողմանի գիտելիքներ ձեռք բերել ՏԻՄ համակարգի, տեղական ժողովրդավարության, քաղաքական և քաղաքացիական մասնակցության կարևորության, մասնակցային մեխանիզմների և հմտությունների մասին։
Դասընթացի 2-րդ օրը մասնակիցները հնարավորություն են ստացել հանդիպում ունենալ ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հետ և քննարկել այնպիսի կարևոր հարցեր, ինչպես կանայք՝ որպես ընտրողներ և որպես թեկնածուներ, քաղաքական մասնակցության առումով մեր իրականության մեջ առկա ինստիտուցիոնալ և կարծրատիպային խոչընդոտները։ «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք Եղվարդ համայնքի ավագանու ընտրություններին ընդառաջ մասնակիցներին տրամադրվել է մանրամասն տեղեկատվություն ընտրական օրենսգրքի, փոփոխությունների, կարգավորումների և ամբողջ ընտրական գործընթացի վերաբերյալ։
Դասընթացի ավարտին «Եղվարդ» երիտասարդական ՀԿ ղեկավար Սիրարփի Մանյանը տեղեկացրել է, որ շուտով մեկնարկելու է ծրագրի հաջորդ փուլը, որի ընթացքում ծրագրի փորձագիտական թիմն արդեն համայնքային այցերի միջոցով տեղեկատվական արշավներ կիրականացի Եղվարդ խոշորացված համայնքում։
Ծրագիրն իրականացվում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ՄԱԶԾ «Հայաստանում
ընտրական աջակցություն 3-րդ ծրագրի» (ՀԸԳԱ-3) կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում։
ՀԸԳԱ-3 ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Շվեդիայի Թագավորության, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողմից: Ծրագիրն իրականացնում է ՄԱԶԾ գրասենյակը։
ՀԻշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում միայն Դիլիջանում «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակն էր կին գլխավորում։ Նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններում որևէ ընտրացուցակ կին չի գլխավորում։ Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների մասնակցության վերաբերյալ քաղաքական ուժերը նոր են մանրամասներ հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին
- Ո՞վ ա այս սաղ հարցերը թողած զբաղվում քաղաքական վենդետաներով ու Սյունիքի գլխատմամբ. Վազգեն Սաղաթելյան