Իրանի ԱԳՆ. Բայդենը պետք է համոզի աշխարհին, որ իր ստորագրությունը կշիռ ունի
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ) վերադառնալու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է համաշխարհային հանրությանը համոզի, որ համաձայնագրի տակ իր ստորագրությունը ինչ-որ բան արժե։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի Twitter-ի գրառումը։
«Բայդենը պարտավոր է համոզել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի բոլոր մասնակիցներին, որ իր ստորագրությունը ինչ-որ բան արժե»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ դա պահանջում է օբյեկտիվ երաշխիքներ առ այն, որ ԱՄՆ հաջորդ նախագահը դուրս չի գա համաձայնագրից։
«Ոչ ոք չի համաձայնի՝ ոչ մի պակաս բանի»,- հավելել է Խաթիբզադեն։
Նրա հայտարարությունը պատասխան էր ԱՄՆ հանրապետական սենատոր Թեդ Քրուզի թվիթերյան գրառմանը։
«Եթե Իրանի հետ որևէ գործարք չվավերացվի Սենատի կողմից որպես համաձայնագիր, և Բայդենը գիտի, որ դա տեղի չի ունենա, ապա ապագայում ցանկացած հանրապետական նախագահ այն չեղյալ կհայտարարի»,- գրել է օրենսդիրը։
Երկուշաբթի օրը Խաթիբզադեն հաստատել է, որ միջուկային գործարքին վերադառնալու շուրջ երկխոսությունը կվերսկսվի նոյեմբերի վերջին, իսկ ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի մեկ շաբաթվա ընթացքում։