«Ծիծաղի ակադեմիա»-ն՝ Ռուսական թատրոնի բեմում
Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա ճապոնացի դրամատուրգ Կոկի Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Թարգմանությունը՝ Դմրիտրի Լեբեդևի։ Այս մասին հայտնում են Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։
«Ի՞նչ ընդհանուրություն կա մեր և ճապոնացի դրամատուրգ Կոկի Միտանիի միջև: Գուցե սե՞րը Շեքսպիրի, Չեխովի հանդեպ: Սերը պարադոքսի՞, հոգեբանական թատրոնի՞ հանդեպ։
Այո´, «Ծիծաղի ակադեմիա» պիեսը սիրո խոստովանություն է թատրոնին: Առհասարակ, սիրո խոստովանություն է», - այդպես է բնութագրում Միտանիի գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը:
Երկու կերպար՝ Հեղինակը և Գրաքննիչը: Երկու հակադրություն, որ միավորվել են, որպեսզի անլուծելի հակասություններից սիրով ու տառապանքով ստեղծեն Թատրոնի հրաշքը։
Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանն ու Միշա Հակոբյանը: Ներկայացման բեմանկարիչը Ալլա Նիկոլաևան է (Մոսկվա), երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի, խորեոգրաֆիան`Նունե Կիրակոսյանի:
Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:
Առաջնախաղերը կկայանան նոյեմբերի 6-ին, 14-ին և 27-ին: