Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի առաջնությունից հետո վերադարձավ հայրենիք
Շոտլանդական Գլազգո քաղաքում ավարտված աշխարհի մարմնամարզության առաջնությունից հետո Հայաստանի թիմը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, Լոնդոն-Մոսկվա-Երևան չվերթով լուսաբացին վերադարձավ հայրենիք:
«Բնականաբար, ես շատ բարձր եմ գնահատում աշխարհի առաջնությունում մեր գրանցած այս արդյունքը: Սպասելիքներ կային, բայց անհատական ձևում մեդալ նվաճելու մասին չէի մտածում: Մրցակցությունը շատ մեծ, իսկ պայքարն իսկապես ուժեղ էր: Սա այն առաջնություններից մեկն է, որը 4 տարվա մեջ Օլիմպիական խաղերի համար վարկանիշ է տալիս, և ռեկորդային թվով երկրներ էին մասնակցում: Հենց մեկնարկում մեզ ուրախացրեց Հուրի Գեբեշյանը, իսկ հետո՝ Դավթյանը, և այդպես շարունակվեց: Ես կասկածում էի, որ անհատական ձևերում մեր մարզիկները կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին: Տղաներն արեցին այն ամենը, ինչ կարող էին: Մեր մարմնամարզիկներն իրենց գնահատականներն արժանիորեն են ստացել: Եթե մեզ հաջողվի Օլիմպիական խաղերում նույն արդյունքը գրանցել, շատ լավ կլինի: Իմ կարծիքով՝ 99 տոկոսով ունենք այն երկու ուղեգրերը, որոնք խաղարկվելու են Ռիոյի «Թեստ իվենթ»-ում»,- Հակոբ Սերոբյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մարզիկներին դիմավորել են ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը, մարզիկներ և հարազատներ:
Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը հավաքել է 15,500 միավոր և դարձավ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր: Նժույգթափեր վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքը, արծաթե մեդալը նվաճել է Լուիս Սմիթը: Հայաստանի հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում վաստակել է 15,333 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: