ԵԱՏՄ երկրներում միասնական արժույթի անցնելու քննարկումները շատ հպանցիկ են. Մարտին Գալստյան
«Պետք է սպասել ԿԲ-ի դեկտեմբերի 14-ի հանդիպմանը, որի ժամանակ մենք կհրապարակենք տնտեսական աճի կանխատեսումները»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԿԲ-ն նախատեսում է վերանայել իր կանխատեսած 5.4% տնտեսական աճի ցուցանիշը, այն բանից հետո, երբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտնեց, որ կանխատեսում են 7-9 % տնտեսական աճ:
Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներում միասնական արժույթի ներդրմանը վերաբերող հարցին՝ ԿԲ նախագահն ասաց. «Այդ քննարկումները շատ հպանցիկ տեղի են ունենում ԵԱՏՄ երկրների ԿԲ-ների ղեկավարների միջև, բայց այս պահի դրությամբ նույնիսկ խոսակցություն և որևէ նախանշված որոշակիություն չկա, թե որևէ տարուց անցնելու ենք միասնական արժույթի և դրա համար պետք է արվի նախապատրաստական որոշակի ծրագրեր»:
Մարտին Գալստյանը շեշտեց, որ Հայաստանի ԿԲ-ն տարածաշրջանում և ավելի լայն աշխարհագրության մեջ առաջինն էր, որը նախորդ տարվա դեկտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց, այն դեպքում, երբ Հայաստանում գնաճը 1.2% էր:
Նա նկատեց, որ հարևան երկրների կենտրոնական բանկերը շարունակում են տոկոսադրույքի բարձացումը և նախորդ ամսին Ռուսաստանում այն 0.75 %-ով բարձրացվեց՝ հասնելով 7.5 %-ի:
«Մեր կանխատեսումներով՝ չենք բացառում, որ հոկտեմբեր-նոյեմբերին գնաճը կշարունակի որոշակիորեն բարձրանալ, բայց մեր գնահատականների համաձայն, մյուս տարվա ընթացքում ամենահավանական ժամկետը կլինի երկրորդ եռամսյակի վերջը՝ երբ մենք կհասնենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի թիրախային ցուցանիշներին և այն մասսամբ պայմանավորված կլինի բազային էֆեկտներով», -ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ ԿԲ գնահատականները և բազային սցենարն իրենց այս պահի դրությամբ թույլ է տալիս տոկոսադրուքը պահել այն մակարդակի վրա, որը կա՝ 7.25 %, բայց եթե իրավիճակը փոխվի և բազային սցենարից փոփոխություն լինի, ապա ԿԲ-ն չի վարանի վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեկ կամ մի քանի անգամ փոփոխելուց:
Մարտին Գալստյանը հանդես եկավ նաև ԿԲ լիազորություններից դուրս հարցի շուրջ հայտարարությամբ. «Չափազանց կարևոր է, որ Հայաստանում պատվաստումները կատարվեն պատշաճ և արագ, քանի որ այն երկրներում, որտեղ պատվաստումները տեղի են ունեցել բնականոն և արագ, այդ երկրներն ավելի քիչ են բախվում մահերի, առողջապահական խնդիրների և տնտեսական բարդությունների»:
Լրագրողներից մեկը նկատեց, որ հանրապետությունում բոլոր վարկերի գծերով՝ նաև սպառողական վարկերի, որը տարիներ շարունակ աճում էր, այսօր անկում կա, սակայն 20-29 %-ով ավելացել են շինարարական և հիփոթեքային վարկերի ծավալները:
ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը նշեց, որ անշարժ գույքի գործարքների քանակը սեպտեմբերին բոլոր ժամանակների ռեկորդային բարձր մակարդակներից մեկի վրա է եղել և այն համահունչ է բանկերի հիփոթեքային պորտֆելի աճին, և նկատեց, որ այդտեղ կա նաև կառավարության հիփոթեքային ծրագրի գործոնը:
Նա հայտնեց, որ վարկերի նման վիճակը ԿԲ բազային կանխատեսումների մեջ է, երբ նախանշվել էր, որ ճգնաժամից հետո բարձր ռիսկերի պայմաններում բանկերը զգուշանալու են վարկեր տրամադրելուց:
Հարակից հրապարակումներ`
- Կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են. Մարտին Գալստյան
- Ապրանքախմբերի մեծ մասում դրամի փոխարժեքը գնաճի վրա մեծ ազդեցություն չի ունենում. Մարտին Գալստյան
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան