Սոցփաթեթի շահառուները կարող են օգտվել նաև ատամնաբուժական ծառայություններից
«Բավականին փոփոխություններ են կատարվել սոցիալական փաթեթի տրամադրման կարգում, որոշումը հոկտեմբերի 30-ից ուժի մեջ է, բացառությամբ 1-2 կարգավորումների, որոնք ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 12-ից հետո, քանի որ պետք է բանկային, ծրագրային ապահովում իրականացվի»,- ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Փոփոխություններից մեկի համաձայն, եթե սոցփաթեթի շահառուի երեխաները հաճախում են վճարովի նախակրթարան, ապա հնարավորություն է տրվում սոցփաթեթի՝ տարեկան 72 հազար գումարով վճարել նախակրթարանի ուսման վարձը։
Նա տեղեկացրեց, որ փոփոխությունը հնարավորություն կտա սոցփաթեթի շահառուներին իրենց գումարներն ուղիղ ծախսել ատամնաբուժական ծառայությունների համար։
Ժ. Սարգսյանի ներկայացմամբ, վերացրել է նույնականացման քարտի ներկայացնելու պարտադիր պահանջը, վերանայվել է նաև սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամների շրջանակը։ Մինչև այս որոշման ընդունումը ընտանիքի անդամ էր համարվում մինչև 27 տարեկան երեխան, ամուսինը կամ կինը։
«Հանվել է 27 տարեկանի շեմը և շահառուի սոցփաթեթից կարող են օգտվել ընտանիքի մյուս անդամները՝ եղբայր, քույր, ծնողներ, տատիկ, պապիկ, եթե նրանք նույն հասցեում են բնակվում, այսինքն՝ փորձեցինք բոլորին հնարավորության պարագայում ներառել, որպեսզի սոցփաթեթի շահառուները, եթե ցանկություն ունենան իրենց գումարը կամ մի մասը իրենց ընտանիքի անդամներին փոխանցել այդ ծառայություններից օգտվելու համար, այս որոշմամբ տրվում է այդ հնարավորությունը»,- ասաց Ժ. Սարգսյանը։
Նրա ներկայացմամբ, մինչև այս որոշման ընդունումը, եթե սոցփաթեթի շահառուն ազատվում էր աշխատանքից և ընդունվում էր մեկ այլ կառույցում աշխատանքի, որտեղ ևս կարող էր դառնալ սոցփաթեթի շահառու, պետք է վեց ամիս սպասեր, որպեսզի դառնար փաթեթի շահառու. «Այս նոր որոշմամբ հարցը կարգավորվել է և նախատեսվել է, որ եթե աշխատանքի ազատվելու և ընդունվելու միջակայքը մեկ ամսից ավելի չէ, սոցփաթեթից օգտվելու իրավունքը պահպանվում է, իսկ եթե մեկ ամիսց հետո է ընդունվում աշխատանքի, արդեն կրկին նախկին կարգավորումն է գործում՝ վեց ամիս պետք է սպասել»։
Նախկին կարգավորմամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակ, առնվազն 140 օր, սոցփաթեթի շահառուն չէր կուտակում սոցփաթեթի գումարն այդ ընթացքում։ Նոր կարգավորմամբ, գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, սոցփաթեթի գումարները շարունակվելու են փոխանցվել։
Ժ. Սարգսյանն ասաց, որ նախքան այս նոր որոշման ընդունումը, եթե աշխատողն իր արձակուրդի ժամանակահատվածում էր ցանկանում գնալ հանգստանալու, միայն այդ պարագայում կարող էր իր սոցփաթեթի գումարն ամբողջությամբ փոխանցվեր։ Այժմ կարգը փոփոխվել է և պարտադիր չէ, որ շահառուն ամպայման արձակուրդի մեջ լինի, որպեսզի գումարն ամբողջությամբ փոխանցվի. այսինքն՝ արձակուրդի մեջ չգտնվելով, եթե ցանկանում է օգտվել հանգստի ծառայությունից, սոցփաթեթի գումարը, տեղեկանք ներկայացնելու դեպքում, կարող է ամբողջությամբ փոխանցվել։
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետն ասաց, որ ընդհանուր առմամբ՝ սոցփաթեթի 147 հազար 500 շահառու կա, որից առնվազն 138 հազարն ամեն տարի օգտվում է, իսկ եթե հաշվի առնեն նաև շահառու ընտանիքի անդամներին, որոնք այս փոփոխություններով իրավունք են ստանում օգտվել փաթեթից, միջինում մոտ 600-700 հազար քաղաքացիներ կարող են օգտվել սոցփաթեթից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին