Կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են. Մարտին Գալստյան
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց, որ 2021թ. նոյեմբերի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 7.25%:
«2021թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 8.9%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս սեպտեմբերին ցուցաբերել է կայուն վարքագիծ՝ պահպանվելով 8.0% մակարդակում»,- հայտնեց ԿԲ նախագահը և նկատեց, որ պահանջարկի դրական զարգացումների ֆոնին հիմնականում առաջարկը սահմանափակող գործոններով պայմանավորված, հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գնաճային միջավայրի զգալի ընդլայնում, ինչն արտացոլվում է նաև գործընկեր երկրների ներքին գնաճերի արագացման վարքագծում:
Նկատելով, որ այդ պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը պահպանվում է՝ Մարտին Գալստյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության ընթացիկ զարգացումները նախանշում են կանխատեսումների համեմատ որոշակի ավելի թույլ ակտիվության մասին, որը պայմանավորված է գյուղատնտեսության ճյուղի անկմամբ, ինչպես նաև համավարակի տարածման հերթական ալիքի հետևանքով ծառայությունների ճյուղի դանդաղեցմամբ:
Ըստ ԿԲ նախագահի՝ պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, ինչին շարունակում է մեծապես նպաստել մասնավոր սպառումը` արտերկրից ստացվող դրամական փոխանցումների մեծ ծավալների և մասնավոր խնայողությունների նվազումը:
Գալստյանը հատնեց, որ ԿԲ Խորհուրդը գնահատել է՝ արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման դեռևս պահպանվող առաջանցիկ աճը շարունակում է նպաստել ներքին գնաճային միջավայրի պահպանմանը, իսկ հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ:
Շեշտելով, որ արտաքին հատվածում և ՀՀ տնտեսությունում գնաճային ազդեցությունները պահպանվում են՝ Մարտին Գալստյանը նշեց՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարեվերջից դրամավարկային պայմանների` ապագային միտված և հետևողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման և միջնաժամկետում գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ:
«Ուստի, Խորհուրդը նպատակահարմար է համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը ներկայումս թողնել անփոփոխ: Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կլինի բարձր մակարդակում, այնուհետև 2022թ-ին կմոտենա նպատակային 4% ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ»,- ասաց Հայաստանի գլխավոր դրամատան նախագահը:
Գալստյանը հայտնեց՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան