Ամուլսարը լավագույն դեպքում կսկսի աշխատել 12 ամսից. Վահան Քերոբյան
«Երբ կարդում եմ կառավարության ներկայացրած բյուջեն, ապա 7 % տնտեսական աճը, նույնիսկ պարզ վիճակագրությամբ, չի երևում»,-ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և պնդեց, որ հավանականություններն էլ, որ դիտարկեն, ապա դրանք դեպի ներքև ավելի մեծ են, քան՝ վերև:
Պատգամավորն ասաց, որ ցանկանում է հասկանալ, թե այդ 7 %-ը կառավարությունը որտեղից է վերցրել և հարցրեց՝ արդյո՞ք ակնկալում են, որ Ամուլսարը կշահագործվի և հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում տնտեսական աճ կլինի:
Խաչատրյանը հարցրեց, թե Էկոնոմիկայի նախարարությունը հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության գնահատական արե՞լ է, թե ոչ:
Նկատելով, որ 2021 թ.-ին մասնավոր ընկերությունների ներդրումները ՀՆԱ-ի հիմնական միջոցներում եղել է 0.7%, իսկ 2022 թ.-ին 10.5 %-ի են փորձում բարձրացնել, որը 17 անգամ ավելացում է ենթադրում՝ ընդդիմադիր պատգամավորը հարցրեց. «Ի՞նչ եք պատրաստվում անել, որ 17 անգամ մասնավոր ձեռնարկությունները ավելացնեն ներդրումները հիմնական միջոցների մեջ»:
Վահան Քերոբյանը հայտնեց, որ 2022 թ. բյուջեի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը ներառված չէ և այդ մասին խոսելը ժամանակավրեպ է:
«Մենք չենք ակնկալում, որ այն դեպքում, թե ինչպես է պաշտպանված ՀՀ տնտեսության և քաղաքացիների շահերը, մենք կկարողանանք հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը բացել»,-պատասխանեց Էկոնոմիկայի նախարարը:
Քերոբյանը հյատնեց, որ պատգամավորը սխալ թվեր է ասում, երբ հիշատակում է ՀՆԱ-ի մեջ մասնավոր ներդրումների՝ 0.7 % ցուցանիշը:
Արթուր խաչատրյանը նշեց, որ ինքը շեշտել է հիմնական միջոցներում ներդրումները, ոչ թե՝ ամբողջ ՀՆԱ-ում:
Էկոնոմիկայի նախարարը դրանից հետո էլ շարունակեց իր պատասխանը և տեղեկացրեց, որ մասնավոր ներդրումներն աճել են նախորդ տարվա համեմատ և, իր կարծիքով, կազմում են համախառն ներքին արդյունքի 10-11 %-ը, բայց հետո ճշտեց, որ այն մոտ 15 % է եղել:
Քերոբյանը հայտնեց, որ կառավարության 5 տարվա ծրագրով նախատեսվում են այն հասցնել 25 %-ի, իսկ օտարերկրյան ուղղակի ներդրումները՝ ՀՆԱ-ի 6%-ին:
«Ասել, որ մեր երկիրը կարողանում է սահուն կերպով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը՝ սխալ կլինի, և մենք մեր ներդրումների աջակցման կենտրոնում էլ և, ընդհանրապես, էկոնոմիկայի նախարարությունում էլ ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների»,-ասաց նախարարը:
Նրա պնդմամբ՝ տնտեսական աճին պետք է բերի աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերը, որոնց նման ծավալ Հայաստանի պատմությունում չի եղել և եթե բարեհաջող արվի, ապա տնտեսական 7 % աճն իրատեսական կլինի:
«Եթե համեմատում եք 2021թ.-ը 2020թ.-ի հետ. ապա հասկանալի է՝ նույնիսկ ամենածանր և զառամյալ հիվանդը շատ ավելի առողջ է քան հանգուցյալը, իսկ 2020-ին մեր տնտեսությունը հանգուցյալի մակարդակում էր»,-հայտնեց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նախարարի կողմից ընթացիկ տարվա և նախորդ տարվա ցուցանիշենրի համեմատությանը:
Պատգամավորը նկատեց, որ եթե կապիտալ ներդրումներով փողը, նաև վարկի տեսքով, վերցնում մտցնում են տնտեսության մեջ, ապա այն տնտեսական աճ չէ, այլ տնտեսագիտական մաթեմատիկա:
Խաչատրյանը նկատեց, որ նախարարը չանդրադարձավ Ամուլսարի հարցին:
«Եթե բոլոր հարցը լուծվեն և Ամուլսարը վերադառնա նախկին ռեժիմին, այն կսկսի աշխատել լավագույն դեպքում 12 ամսից: Մենք սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը, որից կախված են լինելու Ամուլսրաի վերաբերյալ հետագա քննարկումները»,-պատասխանեց Քերոբյանը:
Անդրադառնալով կապիտալ ներդրումների չկատարման խրոնիկ դեպքերին՝ նախարարը հայտնեց, որ ձևավորել են Հանրային ներդրումների կառավարման համակարգ, որի միջոցով ցանկանում են կտրուկ բարձրացնել կապիտալ ծախսերի իրագործման տոկոսը՝ բոլոր ծախսերը մի համակարգով մոնիթորինգ անելու միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- «Հնարավո՞ր չէ պատասխանատվության ենթարկվեն խանութից առանց ՀԴՄ կտրոնի դուրս եկողները». հարց ՊԵԿ-ին
- Որոշ նախարարությունների բյուջեներն ավելացել է 26.9 %, 31.6% և 89.4 %-ով, իսկ ՊՆ-ինը՝ ընդամենը 11%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան