Եթե ՌԴ-ում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում ՀՀ-ում համապատասխան ապրանքների վրա. Քերոբյան
«Մեզ շատ է անհանգստացնում գնաճը, որը համաշխարհային երևույթ է, աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Գների բարձրացման որպես ֆունդամենտալ պատճառ նա նշեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ժամանակ «հանգցվեցին» գործարանները, հիմա, երբ պահանջարկը վերականգնվեց, պարզվեց, որ լոգիստիկ շղթաները նույն արագությամբ չեն կարողանում վերականգնվել, աշխարհում բազմաթիվ ապրանքների գծով կա խորը խզում պահանջարկի և առաջարկի միջև։
Լրագրողների դիտարկումներին, որ Հայաստանում բանջարեղենի գինն այս սեզոնի համար բավականին թանկ է, նաև նկատի պետք է ունենալ, որ Հայաստանում արտադրվող ապրանք է, Վ. Քերոբյանն ասաց. «Հայաստանը հաղորդակից անոթներով միացած է ամբողջ աշխարհին։ Օրինակ՝ եթե Ռուսաստանում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում Հայաստանում համապատասխան ապրանքների վրա։
Անցած տարի Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել մի քանի հարյուր տոննա կարտոֆիլ, այս տարի 40 հազար տոննա կարտոֆիլ բարձր գնով։ Բնականաբար, բարձր գնով կարտոֆիլ գնելու ՌԴ մղումը ազդում է նրա վրա, որ տեղացի գյուղացիները բարձրացնում են կարտոֆիլի գինը հայկական շուկայի համար, քանի որ ունեն ընտրություն վաճառել դրսում բարձր գնով։ Մենք այդ ընտրությունը չենք սահմանափակում, քանի որ գյուղատնտեսությունը մի տարի լավ է լինում, մի տարի վատ, և եթե մեր գյուղացիներն ունեն հնարավորություն բարձր գնով կարտոֆիլ վաճառելու, այդ հնարավորությունից չենք զրկում։ Իհրակե, դա ազդում է գնաճի վրա, ինչը մեզ շատ է անհանգստացնում»։
Լրագրողի դիտարկմանը՝ մասնագետներն ասում են, որ Հայաստանի նման երկրի համար ճոխություն չէ՞ 40 հազար տոննա կարտոֆիլ արտահանել, պարենային անվտանգության հետ կապված խնդիր կլինի, Վ.Քերոբյանն ասաց. «Մենք շատ լավ հասկանում ենք այդ խնդիրները։ Կարող եմ վստահեցնել, որ պարենային անվտանգության խնդիր չկա։ Կա գնաճի խնդիր»։
Նա նշեց, որ գնաճի համար առաջին պատասխանատուն Կենտրոնական բանկն է, բայց հասկանում են, որ այն գործիքները, որոնք ունի ԿԲ-ն, այս պարագայում կիրառելի չեն, խնդիրը բացարձակապես արտարժույթի փոխարժեքի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ճշգրտումների բաժնում չէ։
Վ.Քերոբյանն ասաց, որ ընդհանուր գնաճը «ներկրված է», վերաբերում է 90 տոկոսով այն ապրանքներին, որոնք ներմուծված են, 10 տոկոսով էլ այն ապրանքներին, որոնք էլի դրսի շուկաներում կտրուկ բարձրացել են, դրա պատճառով տեղական շուկայում էլ զուգահեռ բարձրացել է գները։
«Այս պարագայում այն գործիքակամզը, որն ունի ԿԲ-ն, խիստ անբարար է, որպեսզի հնարավոր լինի պայքարել գնաճի դեմ, բայց գործընկերներին փորձում են ամեն կերպ օգնել»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան