Պետք է զարմանք հայտնեմ, որ Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը չնշել, որովհետև եկեղեցական տոներ չեն. Քերոբյան
«Առաջին՝ այնպես ենք արել, որ տոներին շատ չսպառեն: Գիտենք, որ մենք տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ ենք առաջարկել, որպեսզի մարդիկ ավելի հարթ անցկացնեն ամանորյա տոները և սպառումը ուժեղ պիկ չունենա դեկտեմբերն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում էկոնոմիկայի նախարարությունը, որպեսզի զսպի գնաճը, հատկապես առջևում տոներ են:
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ Մայր Աթոռն առաջարկով դիմել է, որ ԱԺ-ն նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, ոչ աշխատանքային պահպանել, հնարավո՞ր է ընդառաջ գնալ այդ առաջարկին, Վ. Քերոբյանը պատասխանեց. «Մեզ մոտ եկեղեցին և պետությունն անջատ են գործում։ Իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաև պետք է զարմանք հայտնեմ, որ, օրինակ, նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբրի 31-ը, հունվարի 1-ը չնշել, որովհետև բացարձակ եկեղեցական տոներ չեն»:
Վ. Քերոբյանը նշեց, որ եթե մի կողմից իրենք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող նաև կառավարությանն օգնեն և առաջարկեն դրա հետ մեկտեղ չնշել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը, որևէ հոգևոր նշանակություն չունեցող տոն է այդ օրերին նշվում։
Հարցին՝ եթե նման անհրաժեշտություն կա, ինչո՞ւ դուք չեք նախաձեռնում, նա պատասխանեց. «Մենք առողջ բանականությամբ գործող մարդիկ ենք, մեր աշխատանքում փորձում ենք գտնել այն ճիշտ բալանսը, որը որ պետք է բերի նրան, որպեսզի...»։
Լրագրողի հարցին՝ այսինքն եկեղեցի՞ն է անառողջ, որ ասում եք նման առաջարկ անի։
«Ոչ։ Ասում եմ՝ երբ եկեղեցին առաջարկում է ավելացնել հանգստյան օրերի քանակը, իսկ 31, 1 որևէ հոգևոր նշանակություն չունեն»,- պատասխանեց Քերոբյանը։
Լրագրողներից մեկը հուշեց, որ Ամանորի տոնն է դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին նշվում։
«Հա... Չէ ուզում եմ ասել, որ մենք չենք կարող առաջնորդվել միայն հոգևոր տոները...»,- արձագանքեց կառավարության ներկայացուցիչը։
Լրագրողներից մեկն ասաց՝ Հայաստանում ոչ բոլոր ազատ օրերն են հոգևոր տոներ, տոնական օրացույցում կան օրեր, որոնք հոգևոր տոների հետ չեն կապված։
«Կարևորագույն տոները, որոնք պետք է ընդգրկվեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, ընդգրկված են՝ Սուրբ ծնունդն է, Զատիկը»,- ասաց Վահան Քերոբյանը։
Լրագրողները նաև նշեցին, որ հունվարի 5-ին Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական պատարագ է մատուցում ժամը 17։00-ին, իսկ աշխատանքյաին օրն ավարտվում է 18։00-ին, մարդը ինչպե՞ս պետք է մասնակցի պատարագին։ Վ. Քերոբյանը վստահություն հայտնեց, որ որևէ գործատուի չի ճանաչում, ով չի թողնի իր աշխատակիցները գնան եկեղեցի, եթե դրա ցանկությունն ունեն։
«Այս հանգստյան օրերը հանելով՝ մենք նաև անուղղակիորեն ստիպում ենք, որպեսի գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն այն արձակուրդային օրերը, որոնք պետք է մարդուն տարվա ընթացքում նորմալ վերականգնվելոը համար։
Վստահ եմ, որ արդյունք կտա, ուժեղացնելու ենք ճնշումն այդ ուղղությամբ, որպեսզի մարդկանց աշխատանքային իրավունքները պատշաճ կերպով պաշտպանվեն»,- ասաց Վ.Քերոբյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվել է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:
Հարակից հրապարակումներ`
- Դիմում ենք ԱԺ խմբակցություններին՝ ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը. Մայր Աթոռ
- Ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան
- 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները ժողովրդից խլեցիք, հիմա էլ հունվարի 7-ն եք խլում. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան