«Հրապարակ». ՔՊ-ի հույսը դավանափոխ ՀՀԿ-ականներն են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հրաժարական տվեց: Նրա հրաժարականի պատճառների մասին բազմաթիվ լուրեր շրջանառվեցին, սակայն հիմնական պատճառը թերևս ՏԻՄ ընտրություններն են, ավելի ճիշտ` որոշ համայնքներում ՔՊ առաջադրած թեկնածուների հարցում ունեցած տարաձայնությունները: Ոմանց հետ կապված՝ մարզպետը դեմ է եղել, սակայն ՔՊ վարչությունը` Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջադրել է:
Գլխավոր կոնֆլիկտը ծագել է Թալինում՝ դեռևս օգոստոսին ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Տավրոս Սափեյանի հետ կապված, որին մարզպետն ի սկզբանե դեմ է եղել՝ և՛ ԺՊ նշանակվելուն, և՛ առաջադրմանը: Նախկին մարզպետը Սափեյանի նշանակման օրվանից կուսակցությանը զգուշացրել է, որ Սափեյանների պատճառով թալինցիներն իշխանությունների դեմ են ելնելու, քանի որ աշնակցի Տավրոս Սափեյանին այստեղ դրական չեն ընդունում` համարում են, որ քաղաքապետն իրենց համայնքից պետք է լինի: Իսկ Սափեյանները թեև ժամանակին սիրված են եղել մարզում, սակայն այսօր՝ ոչ այնքան։
Մարզպետ Գևորգյանը հույս է ունեցել, որ կուսակցությունը հաշվի կառնի իր կարծիքը և կառաջադրի այլ թեկնածուի: Հաշվի կառնեն այն, որ Սափեյանի նշանակման օրերին բողոքի ակցիաներ եղան` նրան անգամ համայնքապետարան չէին թողնում մտնել: Իսկ պաշտոնավարման 2 ամիսներին էլ համայնքապետարանում «ռազբորկաներ» են եղել, կոլեկտիվն իրար դեմ է դուրս եկել և այլն: Սակայն կուսակցության ղեկավարությունը որոշել է, որ Սափեյանների գերդաստանի ծառայությունները պետք է գնահատվեն, և որոշել են նրան առաջադրել՝ անգամ աչքի առաջ ունենալով պարտության հավանականությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, Թալինում ևս թեժ մրցապայքար է սպասվում: Բանն այն է, որ այստեղ առաջադրվել է նաև նախկին քաղաքապետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանը, որը համակիրների մեծ բանակ ունի քաղաքում: Ուշագրավ է, սակայն, որ Մնացականյանն առաջադրվել է ոչ թե ՀՀԿ-ով, այլ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հիմնադրած «Զարթոնք» կուսակցությամբ։ Ինչո՞ւ։ Մեր հարցին Մնացականյանն ասաց, որ ինքը նախկինում էլ ՀՀԿ-ական չի եղել, և հրաժարվեց ընտրությունների վերաբերյալ այլ հարցերի պատասխանելուց:
ՔՊ-ի «պայծառ» ապագան երաշխավորված չէ նաև Ապարան քաղաքում, որտեղ նույնպես թեժ մրցապայքար է սպասվում, թեկնածուները գործարար խավից են. «Կարեն Ղազարյան» դաշինքով առաջադրվել է նախկին քաղաքապետ, «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը, ով բավականին ընդունելի թեկնածու է համարվում համայնքում, իսկ ՔՊ-ի թեկնածուն Էդգար Փարվանյանն է:
Փարվանյանը ևս Ապարանում բարձր հեղինակություն է վայելում, նա զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է։ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին ևս Փարվանյանը քաղաքապետի թեկնածու է եղել, սակայն պարտվել է այն ժամանակվա քաղաքապետ Գոռ Աբրահամյանին։ Նա նաև Հանրապետական կուսակցության անդամ է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան