Տիգրան Ավինյանը ԶՊՄԿ-ի տնօրե՞ն, թե՝ տնօրենների խորհրդի անդամ
ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, թե նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը կառավարությունում քննարկվու՞մ է ԶՊՄԿ-ի տնօրենի պաշտոնում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանեց .«Այո, քննարկվում է, քանի որ նա քաղաքական թիմի անդամ է և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»:
Նա հայտնեց, որ Տիգրան Ավինյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի, վարչության անդամ։
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ժամանակին հայտարարում էր, որ քաղաքականությունն ու գործարարությունը պետք է տարանջատվեն՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Դուք տեսել ե՞ք, որ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել, այնպես որ խորհուրդ կտայի մութ էջեր չփնտրել այդ հայտարարությունների մեջ կամ տողատակերում: Այն, ինչ կա, հայտարարվել է, քննարկվել է և կարծում եմ՝ ընտրությունների էջը հունիսի 20-ով փակվել է»:
Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց կառավարությունը հանդես եկավ ճշգրտումով՝ նշելով, որ քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, ոչ թե՝ տնօրենի: