Արման Թաթոյան. Ադրբեջանական զինվորները, դրոշները, տեսախցիկները պետք է հեռացվեն մեր բնակավայրերի մոտից
«Մենք բացառապես փաստերով հիմնավորել ենք ադրբեջանական կողմի հանցավոր, ահաբեկչական բնույթի արարքները։ Ցույց ենք տվել կապը Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության ու շարունակվող խախտումների միջև»,- ընթացող ասուլիսում այս մասին հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա ներկայացնում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես բնակչության իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք Հայաստանում: Ապացույցների վրա հիմնված ծավալուն փաստաթուղթը կուղարկվի պետական մարմիններին ու միջազգային կազմակերպություններին:
«Մենք հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի, որ ադրբեջանական զինվորները, դրոշները, տարբեր սարքավորումներ, տեսախցիկներ պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից»,- ասաց Արման Թաթոյանը։
Նա ընդգծեց, առանց դրա չի կարող լինել Սյունիքի, Գեղարքունիքի գյուղերի բնակիչների բնականոն կյանքի իրավունքի վերականգնում։
«Դա պետք է լինի ոչ թե մեր հաշվին։ Նրանք պետք է հեռանան։ Ադրբեջանական զինվորների բոլոր տեղակայումներն անխտիր անօրինական են։ Նրանք հայտնվել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին պատերազմի սպառնալիքների ներքո առանց մասնագիտական աշխատանքերի ու վերլուծությունների։ Ավելին, դեմարկացիայի ու դելիմիտացիայի բացակայության պայմաններում հիմք չեն ընդունվել միջազգային չափանիշները, մինչդեռ պետք է ուսումնասիրվեին կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հարցերը։ Մենք ունենք դեպքեր, երբ Խորհրդային Միության տարիներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիակապես ներկա են ադրբեջանցիներ»,-ասաց Արման Թաթոյանը։
Նա հիշեցրեց միջազգային այն պահանջի մասին, որ սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան չեն կարող համարվել լեգիտիմ, եթե չեն ապահովում մարդու իրավունքները, չեն համապատասխանում ժողովրդավարության ու իրավունքի գերակայության կանոններին, չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ԶՈւ հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտին հրատապ անհրաժեշտ է. ՄԻՊ