ԶԼՄ-ներ․ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում պակիստանյան JF-17 կործանիչների գնման հարցում
Ադրբեջանը դիտարկում է Պակիստանից չորրորդ սերնդի JF-17 Thunder Block-III կործանիչներ գնելու հնարավորությունը՝ հագեցած կատարելագործված ռադարային համակարգով և նորագույն սպառազինությամբ։ Այս մասին այսօր հայտնել է Daily Pakistan թերթը՝ վկայակոչելով Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան աղբյուրը, գրում է Tass-ը։
«Ադրբեջանի կողմից Պակիստանից JF-17 Thunder Block-III ինքնաթիռների ձեռքբերումը ռազմական համագործակցության ոլորտում երկկողմ օրակարգի առանցքային հարցն է», - աղբյուրը մեջբերում է հրատարակությունը։
Թերթը գրում է, որ ներկայումս Բաքուն պատրաստվում է արդիականացնել իր օդուժը, ինչի կապակցությամբ ծրագրում է կործանիչներ գնել արտասահմանից։ Պակիստանի ինքնաթիռներ գնելու հնարավորության հետ մեկտեղ Ադրբեջանը դիտարկում է նաև ռուսական ՄիԳ-35 և Սու-35 կործանիչներ գնելու հնարավորությունը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն և Իսլամաբադը համաձայնության են եկել JF-17-ի վաճառքի պայմանագրի շուրջ, սակայն այս փաստաթուղթը դեռ չի ստորագրվել։
2022 թվականին Պակիստանը կսկսի 12 JF-17 կործանիչների մատակարարումը Արգենտինայի ռազմաօդային ուժերին։ Իրանը մտադիր է մոտ ապագայում ձեռք բերել այդ ինքնաթիռներից 17-ի խմբաքանակ։
JF-17 (Joint Fighter-17) կործանիչը չինական-պակիստանյան համատեղ մշակում է, որը հիմնված է չինական Chengdu FC-1 Xiaolong ինքնաթիռի վրա։ Պակիստանի ֆինանսական աջակցությամբ JF-17 կործանիչը ստեղծվել է չինական CAC (Chengdu Aircraft Corporation) ընկերության կողմից 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին։ Դրա համար հիմք է հանդիսացել ՉԺՀ-ում արտադրված խորհրդային ՄիԳ-21-ի անալոգը։ 2009 թվականից Պակիստանն ու Չինաստանը համատեղ զանգվածային արտադրում են JF-17:
Պակիստանի ռազմաօդային ուժերը զինված են 49 JF-17 Thunder Block-I կործանիչներով և 62 JF-17 Thunder Block-II ինքնաթիռներով։ Նրանք կազմում են Պակիստանի կործանիչների գրեթե 55%-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա