Դուբայում կայացան InClassica փառատոնը և Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան
Դուբայում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը կայացել է Х Միջազգային երաժշտական փառատոնը՝ InClassica-ն, որը կազմակերպել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը: Փառատոնի շրջանակներում կայացած համերգներն այցելել է ավելի քան 90 000 հանդիսատես: Եւ դա զարմանալի չէ, քանի որ կազմակերպիչներն անվանում էին հոբելյանական փառատոնը «աշխարհի ամենամեծ աստղադիտարան»:
Այս տարի InClassica փառատոնին հանդես են եկել 37 հանրահայտ մենակատարներ, յոթ սիմֆոնիկ նվագախումբ և 11 դիրիժոր: Համերգներն անցկացվեցին Դուբայի օպերայում և Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։
Առաջին անգամ ԱՄԷ-ում հավաքվել էին դասական երաժշտության ռեկորդային թվով աստղեր. ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը, Սերգեյ Խաչատրյանը, Դանիել Հոփը, Ստելլա Չենը, Գիլ Շահամը, դաշնակահարներ Ռուդոլֆ Բուհբինդերը, Ֆազիլ Սայը, Անդրեյ Գուգնինը, Կիթ Արմսթրոնգը, թավջութակահարներ Միշա Մայսկին, Սթիվեն Իսերլիսը, Հերի Հոֆմանը և շատ ուրիշներ: Օպերային հիթեր է կատարել եգիպտացի օպերային երգչուհի Ֆաթմա Սայիդը, մալթացի տենոր Ջոզեֆ Կալեին, իտալացի սոպրանո Կարմեն Ջանատազիոն:
Փառատոնին մասնակցեցին յոթ նվագախումբ՝ Մալթայիյ ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվազգախումբը, Ռեյնլանդ-Պֆալցի Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը և Ռուսաստանի ազգային նվագախումբը: Դիրիժորական վահանակի մոտ էին մաեստրո Միխայիլ Պլետնևը (Ռուսաստան), Դմիտրի Յաբլոնսկին (ԱՄՆ- Իսրայել- Իսպանիա), Ալեքսանդր Սլադկովսկին (Ռուսաստան), Մայքլ Ֆրենսիսը (Մեծ Բրիտանիա-ԱՄՆ), Սերգեյ Սմբատյանը (Հայաստան) և այլոք:
Դասական երաժշտության աշխարհի աստղերի կատարումների և ֆառատոնի երկարատևության շնորհիվ՝ կազմակերպիչներին հաջողվեց ձևավորել հետաքրքիր և հագեցած համերգային ծրագիր, որի ընթացքում հնչեցին Յ. Ս. Բախի. Լ. վան Բեթհովենի, Ռ. Շումանի, Պ. Ի. Չայկովսկու, Ս. Ռախմանինովի, Ս. Պրոկոֆևի, Ֆ. Մենդելսոնի, Դ. Շոստակովիչի, Ի. Ստրավինսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Առաջին անգամ ԱՄԷ-ում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը կատարեցին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն»-ը՝ հնարավորություն տալով հանդիսատեսին վայելել հայկական միջնադարյան երաժշտությունը:
Փառատոնին զուգահեռ սեպտեմբերի 4-ից 23-ը մեկնարկեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի խոշոր կրթական ծրագիրը՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան (Middle East Classical Music Academy/MECMA):
Ակադեմիայի վարպետության դասերին մասնակցել են ավելի քան 120 երիտասարդ երաժիշտներ աշխարհի ավելի քան 25 երկրներից: Ակադեմիայում դասավանդում էին անվանի երաժիշտներ և մանկավարժներ. ջութակահարներ Պավել Վերնիկովը (Իսրայել/Շվեյցարիա), Բորիս Կուշնիրը (Ավստրիա), Դանիել Հոփը (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Դոգադինը (ՌԴ), Հայկ Ղազազյանը (Հայաստան/ՌԴ), Սերգեյ Խաչատրյանը (Հայաստան), Գրաֆ Մուրժան (Հունգարիա/ՌԴ), Ստելլա Չենը (ԱՄՆ), Սվետլանա Մակարովան (ՌԴ/Շվեյցարիա), Իգոր Պետրուշևսկին (Մեծ Բրիտանիա), դաշնակահարներ Պավել Գիլիլովը (Գերմանիա/Ավստրիա), Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Խեյ Յանգ Քիմը (Հարավային Կորեա), Ստեփան Սիմոնյանը (Գերմանիա/Հայաստան), Դմիտրի Ալեքսեևը (Մեծ Բրիտանիա), Ռուդոլֆ Բուհբինդերը (Ավստրիա), թավջութակահարներ Ալեքսանդր Ռամը (ՌԴ), Դմիտրի Յաբլոնսկին (ՌԴ/ԱՄՆ), ֆագոտահարներ Ռիչարդ Պալեյը (Իսրայել), Անդրեյ Շամիդանովը (ՌԴ), տրոմբոնահարներ Նատանել Բիկովը (Իսրայել), Վասիլի Կոզլովը (ՌԴ), շեփորահար Վլադիսլավ Լավրիկը (ՌԴ), հոբոյահարներ Լիոր Միշելը (ԱՄՆ), Պավել Օրլովը (ՌԴ), գալարափողահարներ Հագայի Շալոմը (Իսրայել), Վադիմ Շվեդչիկովը (ՌԴ):
Վարպետության դասերից բացի, Ակադեմիայի շրջանակներում, տեղի ունեցավ ցերեկային համերգների շարք, որտեղ հանդես եկան երիտասարդ երաժիշտները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև հայտնի մենակատարների և դիրիժորների նվագակցությամբ:
Հայաստանն այս կրթական նախագծում ներկայացնում էին «Երաժշտությունը հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուները:
«Ելույթը փառատոնի շրջանակներում ինձ համար միաժամանակ և մեծ պատիվ էր, և մեծ փորձություն: Դրանք անմոռանալի րոպեներ էին: Ինչ վերաբերում է վարպետության դասերին, ապա պետք է ասեմ, որ ստացա շատ կարևոր և անհրաժեշտ գիտելիքներ, որոնք ինձ կօգնեն ապագայում»,- ասել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը:
«Ինձ համար մեծ պատիվ էր նվագել Ս. Ռախմանինովի Երկրորդ կոնցերտի առաջին մասը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ռուս հայտնի դիրիժոր Ֆելիքս Կոռոբովի հետ», - նշել է դաշնակահար Գուր Սարգսյանը:
Ցերեկային համերգներից իր տպավորություններով կիսվել է ջութակահար Դավիթ Բոյաջյանը. «Դա անմոռանալի էր: Ես և Այսա Անիսիմովան միասյին կատարեցինք Բախի - «Կոնցերտ երկու ջութակի համար, ռե մինոր» ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Դա իմ առաջին կատարումն էր նվագախմբի հետ մենակատարի կարգավիճակում, և ես մեծ բավականություն ստացա»:
«Ես վերադարձա Դուբայից վառ տպավորություններով: Ինձ համար շատ հուզիչ էր ելույթ ունենալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, դա իմ երազանքն էր, որն իրականություն դարձավ: Ես առաջին անգամ էի կատարում Հայդենի Կոնցերտը ռե մաժորում նվագախմբի ուղեկցությամբ, այն էլ իմ հայրենիքի սահմաններից դուրս»,- նշել է թավջութակահարուհի Մարի Հակոբյանը:
Փառատոնի կազմակերպիչներն արել էին հնարավորը, որպեսզի Ակադեմիայի աշակերտներն իրենց հարմարավետ զգան Դուբայում գտնվելու ընթացքում և կարողանան լիարժեք ի ցույց դնել իրենց երաժշտական կարողությունները: Այս առոմով Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի Նախագահ Կոնստանտին Իշխանովը նշել է. «Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը երեխաների համար նախատեսված կրթական ծրագրերն են:
Մենք անցկացնում ենք Ակադեմիա, որ աշխարհի տարբեր երկրներից հնարավորինս շատ պատանի երաժիշտներ կարողանան ձեռք բերել հաղորդակցության և գիտելիքի անգին փորձ, որը իրենց հետ կարող են կիսել միայն պրոֆեսիոնալները: Այսօր չափազանց կարևոր է աջակցել հենց դասական երաժշտությանը և պահպանել աճող սերնդի մոտ հետաքրքրությունը մշակույթի այդ եզակի ճյուղի հանդեպ»:
Նշենք, որ 2011 թվականից InClassica միջազգային փառատոնն անցկացվում է Մալթայում, սակայն այս տարի համավարակի պատճառով սահմանափակումներով պայմանավորված այն տեղափոխվեց Դուբայ: Այդ նույն պատճառով փոխվեց Դասական երաժշտության ակադեմիայի անցկացման վայրը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի մեկ այլ նախագծի՝ Երիտասարդ դաշնակահարների միջազգային II մրցույթի Сlassic Piano-ի անցկացման վայրը. այն տեղի ունեցավ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 4-ը Jumeirah Zabeel Saray համերգասրահում:
Հարակից հրապարակումներ`
- «Երաժշտություն հանուն ապագայի». Պատանի երաժիշտները Դուբայում մասնակցում են վարպետության դասընթացների
- Բրավո ու բիս. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթը Դուբայի օպերային թատրոնում
- Միրոսլավ Կուլտիշևը՝ Classic piano միջազգային մրցույթի հաղթող
- Մալթայից Դուբայ. Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները՝ միջազգային բեմերում
- Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Դուբայի օպերային թատրոնում
- InClassic. Ինչպես ընդամենը երկու ամսում մեկտեղվեցին աշխարհահռչակ երաժիշտներ, նվագախմբեր ողջ աշխարհից
- Դուբայում անցկացվում է InClassica 10-րդ միջազգային փառատոնը
- Classic Piano մրցույթի մասնակիցները Դուբայում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
- Դուբայի օպերայում InClassica փառատոնի շրջանակում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին
- Կոնստանտին Իշխանով. Այս տարվա «InClassica»-ն՝ համաշխարհային մակարդակի միջոցառում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները