ՄԱԿ. Եթովպիայում հակամարտող բոլոր կողմերը ռազմական հանցագործություններ են կատարել
Եթովպիայի Տիգրայ նահանգում հակամարտող բոլոր կողմերը խախտել են մարդու իրավունքները, և այդ գործողություններից որոշները կարող են դիտվել որպես ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և Եթովպիայի մարդու իրավունքների հանձնաժողովի համատեղ զեկույցում, որը հրապարակվել է այսօր Ժնևում։ Այս մասին գրում է Tass-ը։
Ընդգծվում է, որ համատեղ քննչական խմբի եզրակացությունների համաձայն՝ Տիգրայում կատարվել են «մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի և փախստականներին պաշտպանելու իրավունքի լուրջ խախտումներ»։ Համատեղ խումբը «հիմքեր ունի ենթադրելու, որ այդ խախտումներից մի քանիսը կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն և ռազմական հանցագործություններ, որոնք պահանջում են հետագա հետաքննություն՝ պատասխանատվություն ապահովելու համար»:
Զեկույցը, որն ընդգրկում է 2020 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածը, ընդգծում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները, այդ թվում՝ «ապօրինի սպանությունները, արտադատական սպանությունները, խոշտանգումները, սեռական և գենդերային բռնությունները, փախստականների իրավունքների խախտումները և քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը»։
«Տիգրայի հակամարտությունը նշանավորվեց ծայրահեղ դաժանությամբ: Մեր կողմից արձանագրված խախտումների սրությունն ու ծանրությունը ընդգծում են բոլոր կողմերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Հակամարտության ներկայիս սրման համատեքստում բոլոր կողմերը պետք է ուշադրություն դարձնեն ռազմական գործողությունները դադարեցնելու բազմակի կոչերին և ձգտեն երկարաժամկետ խաղաղության», - ասել է Միշել Բաչելետը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը:
Զեկույցի հեղինակները հակամարտող կողմերին խորհուրդ են տվել դադարեցնել մարդու իրավունքների խախտումները և «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները պաշտպանելու համար»։
Եթովպիայի կառավարությանը կոչ է արվում անցկացնել «արագ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություն» և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Էրիթրեայի կառավարությանը նաև խորհուրդ է տրվում հետաքննել և, ի լրումն, նա պետք է «անհապաղ ազատ արձակի երկրում կալանավորված Էրիթրեացի փախստականներին»։ Իր հերթին, միջազգային հանրությունից և ՄԱԿ-ից զեկույցի հեղինակներն ակնկալում են «աջակցություն՝ մարտերը դադարեցնելու և կայուն ու ներառական խաղաղության հասնելու ջանքերին»։
Իրադարձություններ Տիգրայում
2020 թվականի նոյեմբերին Եթովպիայի դաշնային կառավարությունը ռազմական գործողություն իրականացրեց Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի դեմ, որի արդյունքում վերահսկողություն հաստատեց Տիգրայի բոլոր խոշոր քաղաքների և ռազմավարական օբյեկտների վրա։ Դրանից հետո ապստամբները ստիպված եղան անցնել ընդհատակ, սակայն 2021 թվականի հունիսին նրանք անցան հարձակման և կարողացան մտնել Մեկելե քաղաք և այն վերցնել իրենց լիակատար վերահսկողության տակ, ինչպես նաև նահանգի զգալի մասը։
Հուլիսին Տիգրայի ուժերը մտան հարևան Ամհարա և Աֆար նահանգներ, կտրեցին մի շարք տրանսպորտային ուղիներ և վերահսկողության տակ առան մի քանի քաղաքներ։ Այնուամենայնիվ, օգոստոսի սկզբին կառավարական ստորաբաժանումները, որոնց աջակցում էին Ամհարայի աշխարհազորը և Աֆարի հատուկ ջոկատը, անցան հակահարձակման և սեպտեմբերին վերականգնեցին վերահսկողությունը քաղաքների և ռազմավարական կարևոր բնակավայրերի մեծ մասի վրա:
Երկրի հյուսիսում դաշնային ուժերի նոր գործողությունը սկսվել է հոկտեմբերի 7-ին՝ Եթովպիայի օդուժի հարվածներով Ամհարայի տարածքում տեղակայված Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի ստորաբաժանումների դիրքերին։ Երկու օր անց կառավարական ստորաբաժանումների և Ամհարայի աշխարհազորայինների ցամաքային հարձակումը հետևեց ապստամբների դիրքերի վրա:
Անցյալ շաբաթվա վերջից Դեսա և Կոմբոլչա քաղաքները դարձել են դաշնային զորքերի և Տիգրայի ապստամբների կատաղի մարտերի էպիկենտրոնները։ Նրանք գտնվում են ռազմավարական նշանակություն ունեցող ավտոմայրուղու վրա, որը կապում է հյուսիսային Եթովպիան մայրաքաղաք Ադիս Աբեբայի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի այսօր
- Իմ երկիրը փորձանքի մեջ է ու ես անձնական ցավ ունեմ. ԱՀԿ ղեկավարը՝ Եթովպիայի Տիգրայի հակամարտության մասին
- Եթովպիայի Տիգրայի շրջանի ղեկավարների կոչ են անում ՝ դատապարտել քաղաքացիների նկատմամբ «իրականացվող ջարդը»
- Տասնյակ հազարավոր եթովպացիները փախչում են Տիգրայի պատերազմից