Միրզոյան գրադարանի ցուցասրահում տեղի կունենա «Վերջին Արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում է անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի (1941-2021թթ․) ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին Արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին, Միրզոյան գրադարանի ցուցասրահում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդագրությունում մասնավորապես նշված է․
«Իր գործունեության ընթացքում, Վաթինյանը նկարահանել է երեք տասնյակից ավելի ֆիլմեր, որոնց թվում են «Օգոստոս» (1976թ․), «Մեր մանկության տանգոն» (1984թ․), «Տեր Ողորմեա» (1996թ․) և այլն։
Վաթինյանի օպերատորական մասնագիտությունը սերում է արվեստի մեկ այլ ձևաչափից՝ լուսանկարչությունից։ Նա նկարել է վաղ տարիքից։ Հետագայում Վաթինյանը շարունակել է ակտիվորեն լուսանկարել՝ 1970-ին Մոսկվայի պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտն (ՎԳԻԿ) ավարտելուց ու «Հայֆիլմ» ստուդիայում աշխատանքի անցնելուց հետո։
Գործածելով ֆոտոխցիկը որպես ազատ փորձարարական դաշտ, Վաթինյանը ստեղծել է խիստ անձնական բնույթի տասնյակ շարքեր և հարյուրավոր սև-սպիտակ սևապատկերներ (նեգատիվներ), որոնք երբևէ չեն հրապարակվել։ Հայտնաբերվելով արվեստագետի մահվանից հետո՝ նրա լուսանկարների արխիվը տպվում և մատուցվում է հանրության լայն շրջանակներին առաջին անգամ։
Շուրջ 40 լուսանկարների ընտրանուց բաղկացած այս ցուցահանդեսը միտված է ներկայացնելու Վաթինյանի լուսանկարչությունը՝ որպես 1960-1980-ականների հայ արդի արվեստի ու մշակույթի ուշագրավ երևույթ։ Ցուցադրության կիզակետում Վաթինյանի դիմանկարչությունն է, որի միջոցով նա արձանագրում էր իր նշանավոր գործընկերների կամ մտերիմների շրջանակը, որոնց թվում էին Յուրի Երզնկյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Ալբերտ և Մհեր Մկրտչյանները, Արմինե Կալենցը, Երվանդ Քոչարը, Մինաս Ավետիսյանը, Էլիբեկյան եղբայրները, Գայանե Խաչատուրյանը, Տիգրան Մանսուրյանը և այլք։
Այս ստվար պատկերաշարի նշանակությունն ավելին է քան դրա պատմավավերագրական արժեքը։ Նույնիսկ ընտանեկան դիմանկարների դեպքում, Վաթինյանը գործել է մտածող ու համարձակ արվեստագետի պես՝ ստեղծելով միջազգային մոդեռնիստական արվեստի վերլուծական հոսանքներին հարող սրաթափանց պատկերներ։
Վաթինյանի տեսախցիկը ֆիքսել է իր ժամանակը՝ որպես հարցադրումների ու վարանումների մի տեսադաշտ, ուր շոշափվում է անհատական ազատության տենչանքը և լուռ ընդվզումը՝ հասարակական ու իշխանական կարգերի դեմ։ Սեփական ինքնության փնտրտուքով արված նրա հայտնի և անհայտ կերպարները հառնում են մեր առջև նորովի՝ բացահայտելով հայկական մշակութային արդիականության վերջին փուլի՝ Խրուշչովյան «ձնհալից», մինչև Գորբաչովյան «վերակառուցման» տարիների՝ անսպասելիորեն բազմադեմ ու տարերային շերտերը։ Ճշմարտացի ու անկողմնակալ արտահայտման ձգտող իր դիմանկարներով, Վաթինյանը ստիպում է մեզ նաև վերանայել խորհրդահայ լուսանկարչության ավանդական պատումները։
Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ցուցահանդեսի համադրող՝ Վիգեն Գալստյան (արվեստաբան, Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար)»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին