ԲԴԽ անդամներից Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակեց քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ գտնելով, որ Միքայելյանն ունի կանխակալ մոտեցում, չի կարող մասնակցել այս վարույթի քննությանը։
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց՝ Խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը, Ս. Միքայելյանը չի մասնակցի սույն վարույթի հետագա քննարկմանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթ է հարուցվել՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացրել՝ վարույթը կարճելու մասին։ Որպես հիմք մատնանշվել է այն հանգամանքը, որ դատավոր Նախշքարյանի դեմ վարույթ է հարուցվել Գևորգ Գյոզալյանի հաղորդման հիման վրա, որը, թեև հանդես էր եկել որպես Փաշինյանների ներկայացուցիչ՝ քաղաքացիական գործի շրջանակներում, նշված դեպքում նա հաղորդում ներկայացնելու լիազորություն չի ունեցել։
Հարակից հրապարակումներ`
- Ապշեցուցիչ անպատրաստության և փառահեղ անգիտության մաստեր կլասս էին ցուցադրում արդարադատության փոխնախարարն ու խորհրդականը. Իրավաբան
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացվել. ԲԴԽ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան