Արցախյան պատերազմները ցույց տվեցին՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել, գնում է բնաջնջման քաղաքականություն. Վահե Գևորգյան
«Ակնհայտ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է ընդհանրապես Արցախի հարցը փակելու համար՝ հայտարարելով, որ այսօր կարգավորման հարց գոյություն չունի, հակամարտությունը կարգավորված է»,- ԱԺ-ում արտաքին գործերի նախարարության 2022 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ իրենց հիմնական ուղղություններից մեկը եղել է նաև Աարցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, և այսօր առավել քան երբևէ այդ խնդիրը շատ կարևորում է այս կոնտեքստի մեջ։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, լուրջ խնդիրներ կան նաև Արցախի Հանրապետության արտաքին գործունեության առումով, Ադրբեջանն ամեն կերպ արգելափակում է Արցախի որևէ ներկայություն արտասահմանում, բայց, այդուհանդերձ, ԱՀ-ն ունի որոշակի ցանց, ներկայացուցչություններ տարբեր երկրներում։
«Մենք նախատեսո՞ւմ ենք կոնկրետ ծախսեր, աջակցություն ոչ միայն ԱՀ միջազագային ճանաչման առումով, նաև ներկայացուցչությունների ցանցերի գործունեությունն ապահովելու, երաշխավորելու, ընդլայնելու առումով»,- հետաքրքրվեց Ա. Ռուստամյանը քննարկմանը ներկա արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանից։
Նա պատասխանեց, որ իրենք սերտորեն համագործակցում են Արցախի ԱԳ նախարարության, ներկայացուցիչների հետ։
«Ներկա պահին առաջնահերթությունը նախ և առաջ խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումն է, բայց նաև սերտորեն համագործակցում ենք Արցախի ԱԳ նախարարության, ներկայացուցիչների, բոլոր այն անձանց հետ, ովքեր ընդգրկված են արցախահայության իրավունքների պաշտպանության գործում, նաև այլ և այլ ուղղություններով։
Առավել մանրամասն՝ ինչպես ենք անում, ինչ միջոցներով, հրապարակային քննարկման առարկա չպետք է դառնա, պատրաստ ենք համագործակցել ձեզ հետ այս հարցերի պարզաբանման, հասեագրման համար»,- ասաց Վ. Գևորգյանը։
Ա. Ռուստամյանն նաև հարց հնչեցրեց՝ քննարկվո՞ւմ է, թե՞ չի քննարկվում «Ճանաչում հանուն փրկության» բանաձևը։
Արտաքին գործերի փոխնախարարն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ թե արցախյան առաջին, թե երկրորդ պատերազմի ընթացքում, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել, քանի որ փաստացիորեն գնում է բնաջնջման քաղաքականություն։ Ըստ նրա, դրա լավագույն ապացույցն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերի իսպառ բացակայությունն է։
«Ձեր ասած սկզբունքը հստակ այս փաստով հիմնավորում է ստանում։ Ես կարծում եմ՝ մենք մեր աշխատանքներում այս մոտեցումը, որ Արցախին, արցախահայությանը Ադրբեջանի վերահսկողության ներքո սպառնում է ոչնչացում, այդ ճշմարտացի, հուսալի, վստահելի թեզը մենք առաջ ենք մղում թե մեր դիրսկուրսում, թե բանակցությունների ընթացքում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ, 3+3-ը միայն մեկն է. ԱԳ փոխնախարար
- ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի գործունեության համար 2022 թ.-ին Հայաստանը կհատկացնի 9.6 մլն դրամ