Կառավարությունն այսօր կմերժի վիրավորանքն ապաքրեականացնող «Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը
Կառավարությունն այսօրվա նիստում նախատեսում է չքննարկվող հարցերի թվում մերժել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել փոփոխություն՝ ուժը կորցրած ճանաչելով ընդամենը 3 ամիս առաջ ընդունված 137.1-ին հոդվածը.
Քննարկվող հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը՝
«Հոդված 137.1. Ծանր վիրավորանքը
1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանա-պատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով.
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեք հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտա-կանությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։»:
Կառավարության եզրակացության մեջ ասվում է. «Արդարացված չի կարող համարվել վերը նշված հիմնավորումների հաշվառմամբ իրավաչափ և համաչափ սահմանափակում նախատեսող հանցակազմի ապաքրեականացումն՝ ընդամենը երեք ամիս առաջ քրեականացնելու պայմաններում: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծերով քննարկվող գործող օրենսգրքերի հոդվածները թողնել անփոփոխ»:
Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է 45 նախագծից զեկուցվող է ընդամենը 3-ը: